Search
Close this search box.

Ամեն օր թմրшմիջոցի 20-50 փաթեթ է տեղադրել Երևանի տարբեր վայրերում․ ՔԿ

35-ամյա տղամարդը երկու օրվա ընթացքում թմրամիջոցի ավելի քան 150 փաթեթ է տեղադրել Երևանի տարբեր մասերում։ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել թմրամիջոցի ապօրինի իրացման հերթական դեպքի վերաբերյալ։

Սեպտեմբերի 4-ին Գրիբոյեդովի փողոցում ժամը 14:35-ի սահմաններում պարեկները նկատել են քաղաքացու, որի ձեռքում երևացել է կպչուն ժապավենով փաթեթավորված 2 փաթեթ: Տղամարդը ոստիկանական բաժին է տեղափոխվել ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու կասկածով։

Անձնական խուզարկությամբ 35-ամյա տղամարդու կիսատաբատի գրպանից հայտնաբերվել է 2 փաթեթ՝ 7.56 գրամ նախնական քաշով բուսական զանգվածով։

Պարզվել է, որ նա սեպտեմբերի 3-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, տելեգրամյան ալիքից պատվիրել է 110 փաթեթ մարիխուանա, որի մի մասը իրացնելու նպատակով տեղադրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ տարբեր վայրերում:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 35-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը, դեռևս 2024թ․ հուլիսի 20-ից 100 ԱՄՆ դոլար դեպոզիտ գումար մուտքագրելով տելեգրամյան նույն էջի միջոցով իրեն փոխանցված հաշվեհամարին, ամենօրյա ռեժիմով սկսել է ձեռք բերել օրական շուրջ 20-50 փաթեթ մարիխուանա։ Փաթեթները տեղադրել է Երևանի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների բազմաթիվ վայրերում։

Միայն սեպտեմբերի 3-ին և 4-ին նա Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում տեղադրել է ընդհանուր 154 փաթեթ թմրամիջոց, լուսանկարել դրանց գտնվելու վայրերը և կոորդինատներն ուղարկել տելեգրամյան նշված էջին՝ յուրաքանչյուր փաթեթի դիմաց 7 դոլար գումար ստանալու պայմանով։ Ըստ ստացված տվյալների՝ գումարները փոխանցվել են կրիպտոարժույթներով։

Տղամարդու մասնակցությամբ կատարվել է համապատասխան քննչական գործողություն, որի ընթացքում Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի շարք վայրերից հայտնաբերվել են 13 փաթեթ թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 35-ամյա անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի(Թմրամիջոցների ապօրինի իրացում) 2-րդ մասի 2-րդ կետով, նրան ներկայացվել է մեղադրանք։ Տղամարդը կալանավորված է։

Նախաքննությունը շարունակվում է։