Անցած գիշեր ևս Խնածախի ուղղությամբ անկանոն կրակոցներ են եղել, ավելին, կրակոցների ձայնից կարելի է ենթադրել, որ նախորդ օրերի համեմատ էլ ավելի ակտիվացած են կրակում։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Խնածախի բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ կրակոցների համար, կարծես, հատուկ ժամեր է սահմանել թշնամին։
«Ամբողջ գիշեր կրակում են, չենք քնում։ Էլ չգիտեմ՝ ինչպես պետք է էս մասին բարձրաձայնենք, մենք անընդհատ ասում ենք, որ մեզ լսեն, խնդիրը ինչ-որ ձևով լուծեն»,- նշեց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը, որ երեկ Փաշինյանը Սյունիքում էր, ճիշտ է՝ այդ ուղղությամբ չէր գնացել, բայց արդյո՞ք չեն եղել գյուղացիներ, որ գնային և իրեն ներկայացնեին իրավիճակը, լուծումներ պահանջեին, մեր զրուցակիցը պատասխանեց՝ իբր ինչի՞ էր եկել։
«Եթե գալիս է, բայց ոչ այն կետեր, որոնք խնդրի առաջ են այս պահին կանգնած, իր գալն ի՞նչ իմաստ ունի։ Թող գար Խնածախ, կանգներ գյուղացիների դիմաց ու ասեր՝ ինչ է լինելու, մեզ լսեր, մեր դժգոհություններին ու բողոքին ծանոթանար։ Արդեն ոչ ոքի էլ չենք հավատում։ Ոնց որ առանձին կղզի լինենք, բոլորից կտրված, մեր խնդիրներով ենք ապրում»,- նշեց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը, որ ՊՆ-ն իր հաղորդագրություններում նշում է, թե գյուղի ուղղությամբ չեն կրակում, մեր զրուցակիցը պատասխանեց՝ առաջ իրենք էլ էին հավատում։
«Բայց էլ չենք հավատում, երբ արդեն մեր գյուղապետի տան ուղղությամբ սկսեցին կրակել, Խոզնավարում մի տան տանիք վնասվեց։ Էլ ո՞նց հավատանք։ Լավ էլ թիրախավորված մեր ուղղությամբ են կրակում»,- նեղսրտեց նա։
Մեր զրուցակիցը նաև նկատեց՝ մեր կողմից ոչ մի կրակոց չի արձակվում, քանի որ մերոնք գիտեն՝ պատասխան հարվածից հետո կարող է էլ ավելի թեժանալ իրավիճակը։
«Բայց ախր մենակ մեր ուղղությամբ չեն կրակում, Խոզնավարի, Տեղի, Արավուսի ուղղությամբ էլ են կրակում։ Էլ չգիտենք` ինչ անենք, դուք էլ ասում եք, թե Նիկոլն էր եկել Սյունիք։ Հետո ինչ, որ եկել էր, մեկ ա՝ մենք մեր դարդի հետ մենակ ենք»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։