Սեպտեմբերի համար Հայաստանում առկա են բավական առատ տեղումներ, ՀՀ-ում հատվածներ կան, որտեղ արդեն տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման:
Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Այս պահի դրությամբ երկիրը գտնվում է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում:
Անձրևոտ այս ցիկլոնը երկրի տարածքում կմնա մինչև հաջորդ չորեքշաբթի, հանրապետության որոշ շրջաններում դրանք կլինեն ինտենսիվ, ամպրոպային: Նաև կարկուտ կտեղա:
Կարկտային ռիսկը կպահպանվի նաև հոկտեմբերին:
Սպասվող տեղումները լինելու են ժամանակ առ ժամանակ, այսինքն անդադար անձրև չի տեղա: Սուրենյանը միաժամանակ նշել է, որ մի քանի օրից արևը կվերադառնա: Ամռան սպասված վերադարձը նախատեսվում է սեպտեմբերի 26-ից, երբ այժմյան անձրևոտ ցիկլոնն իր տեղւ կզիջի Մերձավոր արևելքից ներթափանցող տաք օդային հոսանքին:
Ավելի վաղ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ դեռ արևոտ օրեր ենք ունենալու:
«Շատ, շատ, շատ, մի մոռացեք՝ մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ»,- գրել էր նա: