Ալյասկայում կայանալիք հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև տրանսպորտային երթուղու վերահսկողության հարցը։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
Թրամփ-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումից հետո` օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ստորագրվեց 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
««Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցը նույնպես կքննարկվի ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահների երկկողմ հանդիպման ժամանակ», – ասել է Վոդոլացկին։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ–ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ–ն առաջարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շրջանակներում Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի անկլավի հետ կապող տրանսպորտային միջանցքի վերահսկողությունը փոխանցել մասնավոր ընկերությանը։ Ճանապարհն անցնում է ՀՀ Սյունիքի մարզով, Ադրբեջանում այն համառորեն անվանում են «Զանգեզուրի միջանցք»։ Փաշինյանն իր հերթին հաստատել է, որ Երևանը ամերիկյան կողմից առաջարկ է ստացել կառավարելու Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև ընկած երթուղին՝ տրանսպորտային հաղորդակցությունները ապաշրջափակելու համար։ Այլ մանրամասներ դեռ հրապարակված չեն։