Ալիևը որոշել է սահմանափակել Նախիջևանի ինքնավարությունը. ի՞նչ երկակի խաղ է խաղում, ինչի՞ց է ապահովագրվում, որքանո՞վ է սա առնչվում «Զանգեզուրի միջանցքին»

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություն է մտցվելու, և համաձայն ներկայացված նախագծի՝ Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար հանրապետության նախարարների կաբինետը ենթարկվելու է ոչ թե Գերագույն մեջլիսին, այլ Ադրբեջանի նախագահին՝ իր աշխատանքի կարգը համաձայնեցնելով հենց նրա հետ:

Այսինքն, Ալիևը փորձում է, այսպես ասած, իր ձեռքը վերցնել Նախիջևանի ինքնավարությունը, որտեղ մեծ է թուրքական ռազմական ազդեցությունն ու ներկայությունը, ինչի ականատեսը եղել ենք նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում:

Ինչպես արդեն գրել ենք, Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, տարբեր տեղեկություններով, շարունակում է «կուրատորություն» անել նախիջևանյան թևում, որտեղ, ինչպես նշեցինք, թուրքական ռազմական ազդեցությունը մեծ է:

Նշենք, որ Նախիջևանում պարբերաբար թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում: Մասնավորապես, ինչպես նախապես հայտարարել էին թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, այնտեղ հունիսի 20-30-ը մարտական հրաձգությամբ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025» անունը կրող տակտիկական զորավարժություններ են անցկացվելու:

Եվ հաշվի առնելով, որ Նախիջևանը դուրս չի եղել նաև իրանական հետաքրքրությունների և որոշակի առումով՝ նաև ազդեցության շրջանակից, ապա թուրքական ռազմական ներկայությունը Նախիջևանում Թուրքիան ոչ միայն Ադրբեջանի հետ միջանցիկ կապի առանցք է դիտարկվում, այլև իրանական ազդեցության զսպման կարևոր հարթակ:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձեցինք պարզել՝ ի՞նչ նպատակներ է հետապնդում Ալիևի այս որոշումը:

«Նման նախաձեռնությամբ Ալիևը փորձում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ինքնավարությունը գործնականում նվազեցնել, քանի որ Նախարարների կաբինետի գործունեությունը չի վերահսկվելու տեղական օրենսդիր մարմնի կողմից, այլ ուղղակի կղեկավարվի Բաքվի կողմից: Սա ինքնավարության փաստացի սահմանափակում է և կենտրոնացման քաղաքականության հերթական քայլը, որով Բաքուն կամաց-կամաց վերացնում է ներքին ինքնավար կառույցները, մասնավորապես՝ Նախիջևանի, որը պատմականորեն ու ռազմավարական առումով զգայուն շրջան է։

Ենթադրում եմ, որ այս ամենը հնարավոր նախապատրաստություն է տարածաշրջանի հետագա վերադասավորումների համար, օրինակ, թուրք-ադրբեջանական անվտանգային ծրագրերում, որոնցում ցանկալի է, որ վարչական և իրավական կառույցները ենթարկվեն անմիջապես կենտրոնին: Այսինքն, գործի ուղղահայաց կառավարումը»,- նշեց նա և միաժամանակ հավելեց, որ խնդիրը երկու բոլորովին հակառակ տեսանկյուններից պետք է վերլուծել:

«Նախ՝ իրականում Նախիջևանի կարգավիճակի այս փոփոխությունը կարելի է դիտարկել ոչ միայն որպես Բաքվի մենաշնորհ հաստատելու քայլ Թուրքիայի հետ ընդհանուր կառավարման ուղղությամբ, այլև որպես ապահովագրություն՝ հենց Թուրքիայի գերազդեցությունից խուսափելու համար։ Նախիջևանը վերջին տարիներին դարձել է Թուրքիա-Ադրբեջան դաշինքի ռազմական և տնտեսական թատերաբեմ, և Բաքվում Անկարայի գերաճող ազդեցության մասին կար այն ընկալումը, որ Նախիջևանը դանդաղ ներգրավվում է Թուրքիայի ռազմաքաղաքական համակարգում։

Նախկինում Բարձրագույն մեջլիսը պահպանել է որոշակի սուբյեկտային ինքնուրույնություն՝ մասամբ Անկարայի միջամտությամբ։ Հիմա այս մեխանիզմը վերացվում է, և Նախարարների կաբինետն անմիջապես ենթարկվում է Ալիևին։

Այսինքն, Թուրքիայի հնարավոր ռազմաքաղաքական ծավալումից Բաքուն փորձում է ապահովագրել իրեն: Մյուս կողմից, Թուրքիային հակադրվող վերահսկողության քայլերին զուգահեռ, Ալիևը փորձում է թուրքական կողմին դուր եկող կենտրոնացում կատարել, որը հեշտացնելու է միասնական հրամանատարության իրականացումը, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում։ Ալիևը, հնարավոր է, խաղում է երկակի խաղ. մի կողմից՝ փորձելով Թուրքիայից օգտվել, բայցև չդառնալ իր իսկ տարածքի վրա Թուրքիայի ենթական»,- մանրամասնեց Շիրազ Խաչատրյանը:

Փորձագիտական նշված ձևակերպումների և վարկածների համատեքստում (մի կողմից՝ Բաքուն նախապատրաստվում է տարածաշրջանի հետագա վերադասավորումներին, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական անվտանգային ծրագրերում, մյուս կողմից՝ Թուրքիայի հնարավոր ռազմաքաղաքական ծավալումից Բաքուն փորձում է ապահովագրել իրեն), հավելենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Անկարայում կազմակերպված ընդունելությանը հայտարարել է, որ «Ադրբեջանի ուժը Թուրքիայի ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանինը», և, որ «երկու պետություն, մեկ ազգ և մեկ բանակ» սկզբունքի տրամաբանության մեջ շարունակվելու է սերտ համագործակցությունը՝ զորավարժություններից, ուսումնական վարժանքներից, կադրային նշանակումներից մինչև ականազերծման աշխատանքներ:

168.am-ը ներկայացրել է, թե ինչ տրամաբանությամբ են կադրային փոփոխություններ և նշանակումներ կատարվում Ադրբեջանի բանակում, ում է նախապատվություն տրվում:

Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն անդրադառնալով՝ շեշտել է.

«Սա պատմական հնարավորություն է, որը պետք է լիարժեք օգտագործվի և ստորագրվի տևական խաղաղության պայմանագիր։ Սակայն, այս ամենով հանդերձ, որպեսզի հասնենք կայուն խաղաղության, մեր երկրների զինված ուժերը պետք է լինեն ավելի ուժեղ, ավելի արդյունավետ և զսպող: Այս համատեքստում թուրքական և ադրբեջանական բանակների միջև սերտ համագործակցությունը, ուժեղ ինտեգրացիան և անկոտրում սոլիդարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար առանցքային նշանակություն ունեն։ Այդ իսկ պատճառով ձգտում ենք ռազմարդյունաբերությունից մինչև ռազմական համագործակցություն, այսպես ասած, միասնականությունը բարձրացնել նոր մակարդակի»:

Ինչ վերաբերում է Բաքվի անկախացման ձգտումներին Թուրքիայի ռազմաքաղաքական որոշումներից կամ դիրքորոշումների ազդեցությունից, ապա ադրբեջանական տարբեր աղբյուրներում Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին հարց-ակնարկ է բարձրացվում՝ ինչո՞ւ պիտի Ադրբեջանը որդեգրի նույն դիրքը, ինչ Թուրքիան՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն Իսրայելի հետ ունի ռազմավարական հարաբերություններ, ռազմական, ռազմատեխնիկական բարձր մակարդակի համագործակցություն, և այլն:

Իհարկե, ադրբեջանական այս քննարկումներում չեն մոռանում, որ թեև Իրանը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, բայց Ադրբեջանն Իրանի հետ «էմոցիոնալ ֆոնի» վրա ընդհանուր թեմաներ ունի:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։