Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևն ասում է.
* «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և այն կբացվի։ Որքան շուտ հայերը դա գիտակցեն, այնքան լավ, քանի որ ներկա իրավիճակն անընդունելի է»:
* «Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ օգտագործել տարբեր շրջանցիկ երթուղիներ Նախիջևանի հետ հաղորդակցության համար»:
* «Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։
* «Հայաստանը ֆաշիստական պետություն է։
Այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, ուրեմը հենց նրանք էլ կերտել են այս երկիրը։
Դրա համար պետք է ոչնչացնել այդ ֆաշիզմը։
Կամ Հայաստանի ղեկավարությունը կոչնչացնի այն, կամ էլ այն կոչնչացնենք մենք. այլ ելք չունենք»։
* «Հայկական կողմը պետք է հաշվի առնի այս հանգամանքները և «չպետք է մեզ նյարդայնացնի»: Նրանք պետք է հասկանան, որ այստեղ տերերը մենք ենք»:
* «Ղազախի շրջանում չորս ադրբեջանական գյուղերի ազատագրումը տեղի է ունեցել ոչ թե երկխոսության, այլ մենախոսության արդյունքում»:
* «Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ, լսի նրանց մտահոգությունները եւ ականջալուր լինի: Այդ մարդիկ անարդարացիորեն վտարվել են իրենց հողերից։ Սա չի նշանակում պահանջել որեւէ տարածք։ Սա մարդու իրավունքների խնդիր է։ Թող բոլորը իմանան՝ և՛ Հայաստանում, և՛ նրանք, ովքեր կանգնած են նրա թիկունքում, որ այս հարցը չի հանվի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները չեն կարողանա անվտանգ տեղավորվել Արեւմտյան Ադրբեջանում, այդ թվում՝ Արեւմտյան Զանգեզուրում»:
* «Հայաստանը պետք է ապառազմականացվի»:
* «Հայաստանը պետք է դադարի զինվել․
կնքված բոլոր ռազմական պայմանագրերը պետք է չեղյալ հայտարարվեն»։
Ինչ խոսք՝ հնչեցրած սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են։
Ալիևն իր ամպլուայի մեջ է, պերմանենտ էյֆորիայի տակ, բայց իր խոսքերում ինքնավստահ է, հասկանում է համաշխարհային ու տարածաշրջանային իրողությունները, հավանական սցենարներն ու զարգացումները, ունի հաշվարկ, գուցե և ձեռք է բերել պայմանավորվածություններ, հետևաբար՝ «պառաժ» չի անում և բնավ չի բարբաջում:
Ալիևն, ըստ էության, նոր բան չի ասել։
Պարզապես այս և այլ վերջնագիր-պահանջները կյանքի կոչելու մեկնարկն է անոնսում:
Նա, որպես անկեղծ թշնամի, սպառնալիքի դոզայով, շատ պարզ ձևակերպեց նախ իր ակնկալիքները և հետո՝ իր առաջիկա անելիքները:
Նորություն չէ նաև նրա որդեգրած բացահայտ ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանությունը:
Նա ուղիղ տեքստով Հայաստանն անվանելով «ֆաշիստական պետություն» սպառնում է Հայաստանի գոյությանը, ընդ որում, գործող ՀՀ իշխանություններին հորդորում է արմատախիլ անել այն, (ըստ էության, Ալիևը հանձնարարեց Փաշինյանին ջшխջшխել ազգային-պետական ուժերին, իսկ Փաշինյանն արդեն վաղուց սկսել է Ալիևի ձևակերպած «ֆաշիստական» պետության կազմաքանդումը՝ «իրական Հայաստան» կոնցեպտով, Հայոց պատմության, Արարատի, Արցախի, Ցեղասպանության ուրացմամբ, մանավանդ՝ հայտարարությունից պարզ է դառնում, որ Ալիևը Փաշինյանից ինչ ուզի և երբ ուզի ստացող է) այլապես ինքն անձամբ կանի դա։
Ինչպես նաև պարտադրում է իր պատկերացումներով բացել «Զանգեզուրի միջանցքը», դեմիլիտարիզացվել, հրաժարվել հետագայում զինվելուց:
Ցանկությունների ցանկն այսքանով չի ավարտվում:
Նա պարտադրում է փոխել ՀՀ սահմանադրությունը, Հռչակագիրը, համատեղ վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայ-ադրբեջանական սահմանից հեռացնել ԵՄ մոնիթորինգային մշտադիտարկողներին, 300 հազար ադրբեջանցի էլ վերաբնակեցնել «Արևմտյան Ադրբեջանում»
Փաստացի՝ Ալիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրից»:
Նա ոչ թե խաղաղության, այլ նոր, կանխամտածված և ծրագրավորված ագրեսիայի ու օկուպացիայի է գնում:
Նրա ելույթը պատերազմի մասին հայտարարություն է:
Փաստացի՝ սա քաղաքական հակամարտությունը ռազմական գործողություններով հանգուցալուծելու, մասնավորապես՝ մեր երկրի տարածք ներխուժելու ծրագիրն իրագործելու մասին ազդարարում է, հայ ազգի ու Հայաստանի պետականության ոչնչացման մտադրություն է:
Փաստացի՝ Հայաստանը կանգնած է կամ նոր պшտերшզմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ:
Ընդ որում՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է շատ ավելի մասշտաբային՝ տարածաշրջանային պատերազմի, եթե Իրանի հակառակորդների համատեղ գործողություն սկսվի։
Նորություն չէ, որ Ադրբեջանն Իրանի դեմ ուղղված պլացդարմ-պոլիգոն է:
Այսպիսով՝ Ալիևը կարծրացնում է իր դիրքորոշումը՝ վերստին հանդես գալով առավելապաշտական և անզիջում դիրքերից, առաջնային պլան մղելով ուժի, ուժի սպառնալիքի կիրառման, շանտաժի, քաղաքական պարտադրանքի գործիքակազմն ու մեխանիզմները:
Այս հայտարարությունից կարելի է նաև հետևություն անել, որ խիստ հավանական պատերազմը «քթերիս տակ է», որ հատկապես Սյունիքը վտանգված է և
առաջիկա ամիսներին այն կդառնա տարածաշրջանի աշխարհաքաղաքական «բազարների» առանցքը։
Ենթադրելի է, որ նախնական փուլում պլանավորվում է Սյունիքի ու Վայոց Ձորի մի հատվածի էքսպանսիան, որի հաջողության պարագայում հաջորդելու է Հայաստանի Հանրապետության ամբողջական օկուպացիան, այնուհետև՝ վերացումը:
Ենթադրելի է, որ այդ ամենի իրագործման համար մշակված պլանն արդեն կա:
Արհամարհել, լուրջ չվերաբերվել կամ մատների արանքով նայել նրա ասածներին ու չգիտակցել պահի լրջությունն ու վտանգավորությունը նշանակում է տանուլ տալ պետականությունը:
Սա իրոք անվտանգային լուրջ սպառնալիք է:
Սա ղողանջ է սթափության:
Բայց սա նաև չի նշանակում, որ պետք է ընկճախտի, խուճապի ու պանիկայի մատնվել:
Հստակ քայլեր ու գործողություններ են պետք:
Այս իրավիճակում արտաքին սպառնալիքի դեմ միասնական ճակատ ստեղծելու համար իմպերատիվ է՝ հրատապ ու կամային որոշումներ կայացնելն ու հստակ քայլեր իրականացնելը:
Ագրեսիային արդյունավետ դիմակայելու և ազգային գոյության ու ինքնիշխանության պահպանմանն ուղղված կոնկրետ գործողություններ պետք է ձեռնարկվեն:
Ազգային ու պետական շահերով շարժվող ցանկացած ադեկվատ ու կոմպետենտ իշխանություն, լսելով այս ամենը՝
• հավուր պատշաճի հայտարարությամբ հանդես կգար,
• երկրում կսահմաներ արտակարգ դրություն,
• կհայտարարեր մոբիլիզացիա,
• զինված ուժերը կբերեր բարձր մարտական պատրաստվածության,
• ԱԽ-ում ու ԳՇ-ում նիստ կհրավիրեր,
• օպերատիվ կերպով խորը և ամբողջական մոնիտորինգ կսկսեր պարզելու պետական համակարգի պատերազմական պատրաստվածության մակարդակը՝ վեր հանելով հնարավորությունները, բացերը, ռիսկերը, այդ թվում և կադրերի հարցը,
• կոչով կդիմեր Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ու ներկայացուցչական կառույցներին, դեսպանատներին, միջազգային վերպետական կառույցներին,
• արտահերթ նիստ հրավիրելու կոչով կդիմեր ՄԱԿ-ի ԱԽ-ին,
• անխտիր բոլոր երկրների դեսպաններին օպերատիվ կերպով կհրավիրեր իր ԱԳՆ, կցուցադրեր թշնամու ագրեսիվ կեցվածքը, ծրագրավորված ռազմական ագրեսիան, կխնդրեր անհապաղ կիրառել սանկցիաներ, պատժիչ գործողություններ և ագրեսիան զսպելու, իր երկրի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը, անխախտելիությունն ու սուվերենությունը պահպանելու համար ռազմական օգնություն,
• ակտիվ աշխատանք կտաներ միջազգային լրատվամիջոցների հետ՝ սպառնացող ագրեսիան լուսաբանելու և միջազգային աջակցություն ստանալու համար:
• Այնուհետև՝ քինապահությունը, նեղացկոտությունը, «սառեցված, թե չսառեցված» «ֆինդուֆլուշկեքը» մի կողմ դնելով՝ վերը նշվածի մասին պատշաճ կերպով տեղյակ կպահեր ՀԱՊԿ քարտուղարությանն ու դե յուրո դաշնակից ՌԴ իշխանություններին՝ պահանջելով, օպերատիվ կերպով արձագանքել, պաշտոնական հայտարարության տեսքով իրավիճակին տալ պաշտոնական գնահատական:
Սա պետք է արվի, անկախ նրանից, թե նրանք իրենց մասով ստանձնած պարտավորությունները գործնականում կկատարեն, թե ոչ:
Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանություններն ու մասնավորապես՝ վարչապետը:
Վերոնշյալ կամ նմանատիպ գործողություններ իրականացնելու մասով որևէ բան դեռևս չեն ձեռնարկել:
Հուսամ՝ թեկուզ ուշացած, բայց քայլերի ականատեսը կդառնանք:
Հնչել են պատասխաններ, բայց ոչ համարժեք, որն ենթադրելի էր:
Իշխանական խոսափողերն ու սաթելիտները ջայլամի դիրք ընդունած՝ սառնասրտության կոչեր են հնչեցնում ու հանգստացնում սեփական ժողովրդին, թե բա՝ Ալիևն է, «դուրս է տալիս»: Ոչ մի ռիսկ չկա, մենք պռոբլեմ չունենք, պատերազմ չի լինի, այն բացառվում է, «всё под контролем»:
Վարչապետն էլ իր կցկտուր, լղոզված ու անհամարժեք պատասխանով հանդերձ չի հակադարձում, բայց և «չի սրում»:
Մասամբ ճիշտ է անում, այդկերպ Ալիևին «կաշետոն» չի տալիս:
Այս պահին, նման «ռասկլադում» ճիշտ չէ Ալիևի հոխորտալից և ագրեսիվ տրամաբանությանը սիմետրիկ պատասխանելը, համարժեք հռետորաբանության ու դիսկուրսի մեջ մտնելը:
Դա կարող է օգուտ տալ միայն Ադրբեջանին ու ռեգիոնալ ապակայունացմամբ շահագրգռված որևէ այլ դերակատարի:
Առաջին հայացքից սթափ, ռացիոնալ, ադեկվատ ու ոչ էմոցիոնալ, անգամ «կառուցողական» պատասխաններ է տալիս, բայց տողատակերում ավելի վտանգավոր ու խնդրահարույց նարատիվներ է առաջ քաշում:
Նրա՝ «ինչպես մենք, այնպես նրանք, ինչպես մեզ մոտ, այնպես նրանց մոտ», և այդ կարգի հայելայնությամբ խոսույթն ու համեմատությունները, կամա, թե ակամա, արդարացնում է հենց Ալիևի հաշվարկներից ու ակնկալիքներից մեկը՝ դնել հավասարության նշան ակնհայտորեն ագրեսոր պետության և դրա վարած քաղաքականության ու Հայաստանի միջև:
Այդկերպ, Ալիևը՝ ձգտելով առավելագույնին, հասնում է նվազագույնին՝ ագրեսորի և զոհի հավասարեցում դնելով Ադրբեջանի՝ պետական ֆաշիստական ագրեսիվ քաղաքականության և Հայաստանի վարած քաղաքականության միջև:
Ընդ որում, հավասարեցում ոչ միայն վերջին չորս-հինգ տարիների, այլ ընդհանրապես՝ արցախյան կոնֆլիկտի ամբողջ պատմության համատեքստում:
Այսկերպ՝ փաշինյանական զիջողական, խաղաղասիրական, «как бы чего не вышло» նարատիվն, ըստ էության, բավարարում է Ալիևի հաշվարկ-պահանջները:
Էլ չեմ խոսում՝ սինխրոն, պասերով քաղաքականության մասին:
Թքած, որ «կիրթ ու կառուցողական կոլեգան» երկիրդ ֆաշիստական է անվանում ու պետությանդ վերջ դնելու մասին է խոսում:
Ինչևէ, տեսնում ես այս ամենն ու ապշում:
Տեսնում ես, թե ինչպիսի արհավիրքներով հղի լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, ինչպիսի անվտանգային վակում է ստեղծվել և այս տոքսիկ իշխաննությունների դիլետանտ, ապաշնորհ, ապիկար, թշվառ ու արկածախնդիր լինելն ու սարսափում:
Առավել ևս, երբ այս օրով, վերը թվարկածներիցս և ոչ մեկը չարվեց, փոխարենը՝ «ընտանեկան փոդքաստով» տիկնոջ հետ, սուրճ ըմբոշխնելով, սիրողական մակարդակով անդարադարձ կատարվեց Ալիևի հնչեցրած հայտարարություններին:
Ինչ խոսք՝ շատ համարժեք է…
Ինչ ասեմ՝ բլոգերություն արեք, տոլմա փաթաթեք, դմակով խաշլամա կերեք, սոխով ձվածեղ գցեք ու հեծանիվ քշեք…
Դա է ձերը:
Մնում է հուսալ, որ «Ժողջանն» ու հատկապես՝ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» շերտը գոնե հիմա կարձանագրի, որ Փաշինյանի հատկապես արտաքին քաղաքականությունը լիակատար ձախողված է, որ կատարյալ ֆիասկոյի է ենթարկված, «խաղաղության օրակարգը» որը կեղծ է ու շինծու՝ տապալված է, «խաղության դարաշրջանը» միֆ է, «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի, իսկ եթե անգամ ստորագրվի՝ «լակմուսի թուղթ» է, որ իրական խաղաղությունը թղթով չի հաստատվում:
Ընդունե՛ք, որ սխալվել եք կամ հիմա էլ հնչեցրեք՝ «Սյունիքն ու Վայոց Ձորը տանք, հանգիստ ապրենք, համ էլ՝ տանք, որ Երևանը փրկենք» տաֆտալոգիան:
Ու խիստ ցանկալի է, որ վերջապես հասկանաք, որ մինչև խաթարված ռազմաքաղաքական բալանսը չվերականգնվի՝ Ալիևը հա հոխորտալու է, սադրելու է, պատերազմելու կոչեր հնչեցնելու է, վաղ թե ուշ պատերազմի գնալու է ու հայ ժողովրդին ոչնչացման, Հայաստանի պետականության լիկվիդացման ծրագրերն իրագործելու է:
Դե իսկ ողջ հայ ժողովուրդն անելիք ունի:
Գոնե հիմա…
Գոնե հիմա պետք է ընդունել, որ վտանգավոր ու ծայրահեղ անպատվաբեր է նման իշխանություն ունենալը:
Գոնե հիմա պետք է հասկանալ, որ իրական խաղաղության համար, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, առավել ևս՝ եթե այն պարտադրված է:
Որ մեր փոխարեն ու մեզ համար ոչ մեկը չի կռվելու, մեզ համար խաղաղություն ու անվտանգություն չի բերելու:
Որ եթե ուժեղ, միասնական, միաբանված և վճռական լինենք՝ թշնամու ախորժակը կփակենք, լեզուն էլ՝ կկարճացնենք:
Որ եթե ցանկանում ենք դա կանգնեցնել, պետք է սթափվենք, օր առաջ մի կողմ դնենք ներքին տարաձայնությունները, կոնֆրոնտացիաները, ամբիցիաներն ու անձնական հավակնությունները, տոտալ կոնսոլիդացվենք՝ մեր երկիրը պաշտպանելու և այս ճգնաժամից ի վերջո դուրս բերելու համար:
Մինչև ժողովրդի քաղաքական գիտակցության մակարդակը չփոխվի, ազգային դիմագիծն ու արժեհամակարգը չվերականգնվի, համատարած ապատիան չվերանա, իրավիճակի անընդունելիության ու անհանդուրժողականության մթնոլորտ չձևավորվի, համաժողովրդական ցասում ու վճռականություն, ապա բողոքի ալիք չառաջանա, որից վերածնունդ չլինի՝ ամեն ինչ իզուր է, պատճառահետևանքները՝ դառնալի ու ճակատագրական:
Այսքանը…