Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Տարածաշրջանում խաղաղության համար շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Հարավային Կովկասում նոր ստատուս քվո և նոր իրողություն է հաստատվել։ Եվ այս ստատուս քվոն հիմնված է ոչ թե օկուպացիայի, ոչ թե ագրեսիայի, այլ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, լեգիտիմության և օրինականության վրա հիմնված հարաբերությունների վրա։ Պաշտոնական Բաքուն հայկական կողմին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խաղաղության պայմանագրի տեքստը։ Սա ակնհայտ վկայությունն է այն բանի, թե որքանով է Ադրբեջանը հավատարիմ խաղաղության տարածաշրջանային օրակարգին, որքանով է այն սատարում դրան։ Դրական պահ է այն, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Սակայն դեռևս կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն Հայաստանի հետ։
Որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում հասնել ամուր, վերջնական խաղաղության, պետք է սահմանադրական հիմքով վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին։ Բայց գոհունակությամբ կարող ենք ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից անկախության ձեռքբերման պահից ի վեր տարածաշրջանում խաղաղության համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Այսօր տարածաշրջանում իրոք խաղաղություն, կայունություն է տիրում։ Դե ֆակտո կարելի է ասել, որ տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի դա իրավաբանորեն ձևակերպվի, որպեսզի տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատվի», — հայտարարել է Հաջիևը։