Ալիևեւն ասել եմ՝ Սադարակում մեզ տարածք տվեք, որ Իրանի հետ սահման ունենանք. Քոչարյանը բանակցություններից դրվագ պատմեց

Մեղրիի թեման մշտապես փորձել են օգտագործել իմ դեմ. ես չեմ կասկածում, որ վարկաբեկելու, տարբեր կարգի կասկածներ առաջացնելու համար, այո օգտագործելու են: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Դա անելու են այնքան ժամանակ, ինչքան ես լինեմ քաղաքականության մեջ: Ես հանգիստ եմ դրան վերաբերվում, ընդհանրապես, այնքան ժամանակ, ինչքան ես ունենամ լսարան, այդ թեման շահարկվելու է:

Մենք Ալիևի հետ մի քանի անգամ հանդիպել ենք մինչև այդ ամերիկյան պատվիրակությունը: Ես պատմեցի, որ ես ուզում էի, որ ոչ թե ինձնից դա դուրս գա, ես ոչ մեկին չեմ ասել, չէի պատմում, կարևոր է ինձ համար, որ ինքը սկսի այդ թեման քննարկել ամերիկացիների հետ, ռուսների հետ, ֆրանսիացիների հետ։ Ես համարում էի սա շրջադարձային մի երևույթ, որը մեր շահերից է բխում»,-ասաց նա:

Քոչարյանը նաեւ մի դրվագ պատմեց. «Մենակ ենք, խոսում ենք, ինքն ասում է՝ բայց ես այսպիսի քայլ եմ անում, Մեղրի հարցով ձեր խնդիրը ինչո՞ւմ է: Ասում եմ՝ առաջին խնդիրը Պարսկաստանի հետ սահմանն է, մենք չորս երկրի հետ սահման ունենք, մեկի հետ պատերազմի մեջ ենք, մեկի հետ մեծ պրոբլեմներ ունենք, չենք կարող այս սահմանը կորցնել: Արի, մտածենք թե ի՞նչ տարբերակ կարող ենք գտնել հարցը լուծելով, բայց Իրանի հետ սահմանը չկորցնելով։

Ասում է՝ ո՞նց: Ասացի՝ հիմա այդ քարտեզին նայենք։ Օրինակ, Սադարակում դուք եք մեզ տարածք տալիս և մենք Իրանի հետ սահման ենք ունենում Սադարակով ցամաքային սահման։ Քարտեզին նայեց, ասում է՝ բա մենք սահման ենք կորցնում Թուրքիայի հետ։ Ասում եմ՝ մի փոքր սահման է, ի՞նչ է, յոթ-ութ կիլոմետր է: Ասում է՝ չէ, չենք կարող, դա կարևոր է մեզ համար։ Ասում եմ՝ հիմա դուք իմ տեղը պատասխանել եք ձեզ: Եթե ձեզ համար այդ կարևորությունը ունի Թուրքիայի հետ սահմանը, նաև մեզ համար չափազանց մեծ կարևորություն ունի Իրանի հետ սահմանը։

Դուք հասկանո՞ւմ եք, բանակցությունները սա է, որ դու ոչ թե այն գլխից տշում ես, ասում ես՝ չէ, չեմ բանակցում, անընդունելի է, գնա։ Դա այն է, ինչ 2018 թիվին արել է Հայաստանը: Ասել է՝ բա դուք ո՞վ եք, այս հարիֆներ, դուք ո՞վ եք եկել, 25 տարի է ինչ-որ բան եք բանակցում, ես եկել եմ, կինոյի տղան եմ, բանակցում եմ իմ ուզած կետից: Արեց, ի՞նչ ստացավ։

Հիմա դու բերում ես նրան, որ այս տարբերակը պետք է ունենա այնպիսի լուծում, որը ընդունելի, ընկալելի է նաև հակառակորդիդ համար: Վերջը կանգնեցինք այդ սուվերեն ճանապարհի վրա, որի մի զգալի մասը ենթադրում էր թունել էստակադա։ Պայմանը հետևյալն էր, Հայաստանի տարածքի անընդհատությունը չպետք է կտրվի, և այդ ճանապարհը, և օդը, և ընտերքը, և հողը մնում էր Հայաստանի Հանրապետությանը: Միայն ճանապարհի օգտագործումն էր փոխանցվում Ադրբեջանին: Դիվանագիտության արվեստը հենց սրա մեջ է։ Հիմա փոխանակ այդ ամեն ինչը բերեք, որպես մի մաստերկլաս ներկայացնեք, թե ոնց էր կարելի այս կետից սկսել, այս կետը հասցնել, չգիտեմ ինչ դաշտ եք բերում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը: