Պատերազմի վտանգը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից։ Իլհամ Ալիևի այս հայտարարությունը հնչել է այսօր Բաքվում, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում կազմակերպված համաժողովի ընթացքում։
«Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են այդ երկրի Սահմանադրությունում, քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված անկեղծ պահվածք չի ցուցաբերել, զինված դիմակայության վտանգը մշտապես առկա է լինելու», — հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։
Բաքվում հավաքված ադրբեջանամետ փորձագետների հետ հանդիպման ժամանակ Ալիևը խաղաղության պայմանագրի ստորագրման մյուս նախապայմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջը ևս հիշեց՝ պնդելով, թե այս հարցում պաշտոնական Երևանը դեռ համառում է։
«Ադրբեջանի հետ միասին Մինսկի խմբի լուծարման հարցով ԵԱՀԿ դիմելուց խուսափելը վկայում է, որ հայերը ժամանակ են ձգում, գուցե որոշակի փոփոխությունների և ավելի շահեկան միջազգային իրավիճակի սպասումներ ունեն։ Նրանք մեծ հույսեր ունեին, որ [Միացյալ Նահանգների] ընտրություններից հետո դեմոկրատները կշարունակեն կառավարել։ Գաղտնիք չէ, որ նախագահ Թրամփի հաղթանակը նրանց համար մեծ հիասթափություն և հուսախաբություն էր», — նշում էր Իլհամ Ալիևը։