ԱԺ-ում այսօր թեժ բանավեճ էր ծավալվել քպ-ական և նախկին քպ-ական պատգամավորների միջև։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոշտ քննադատության ենթարկեց Հակոբ Ասլանյանին․ «Գիտեք, ինչը հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում և աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ»։ Սիմոնյանը Ասլանյանի հայտարարությունները որակեց «ծիծաղելի ու նողկալի»։
ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում Հակոբ Ասլանյանը հակադարձեց Ալեն Սիմոնյանին, ասելով, թե նա «ոտքից գլուխ ստում է, ճիշտ չի ասում»։
«Եթե ես լացելով պետք է խնդրեի, որ ինձ վերցնեին, ապա ինչու էի գնում Factor.tv և հայտարարում, որ սառեցնում եմ իրենց հետ գործունեությունը։ Ես հայտարարել եմ, հետո են ինձ կանչել ու հեռացրել»,-ասաց Հակոբ Ասլանյանը։
Նա ասաց նաև, թե իրեն համոզել են, որ վայր դնի պատգամավորական մանդատը։
«Որպեսզի ինձ համոզեն մանդատը դնեմ, իրենք տարբեր ճանապարհներով հասել էին ամերիկաները և աստրախանները։ Իրենք փորձել էին իմ տղայի և եղբոր միջոցով ազդել ինձ վրա»։
Սիմոնյանն Ասլանյանին անվանել էր «քաղաքական Պանիկովսկի»՝ նշելով, որ «ռադ են արել», սակայն «այնպես են պահել, որ թոշակի հարցը լուծի»։
«Ես այդ թոշակի կարիքը չունեմ, ապահովված եմ։ Ես 56 տարի աշխատել եմ այս երկրում և այսօր ֆինանսական տեսակետից այն վիճակում եմ, որ իրենց տված այդ թոշակը որևէ էական դեր չի խաղալու ինձ համար»,-ասաց Հակոբ Ասլանյանը։





