Իշխանության քաղաքականությունը բացի անբարոյականությունից ուրիշ ոչինչ հնարավոր չէ անվանել, քանի որ բացի այն, որ նրանք էական քայլեր չեն ձեռնարկում մեր գերիների ազատ արձակելու ուղղությամբ, դեռ մի բան էլ փորձում են տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունն ու մեղքի բաժինը բարդել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Ակնհայտ է, որ այն, ինչ կապված է Արցախի և արցախահայության հետ ատելության և ագրեսիայով է դրսևորվում իշխանության կողմից։ Այդ ուղղությամբ Ռուբեն Վարդանյանի և մյուս ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իշխանության հռետորաբանությունը ցավով եմ արձանագրում։ Այն անձինք, ովքեր Արցախի նկատմամ իրենց հակահայ քաղաքականությունն են իրականացնում, բնականաբար պետք է ագրեսիայով պետք է վերաբերվեն այն հայրենակիցներին, ովքեր ունեցել են նվիրում Արցախին»,- նշեց Առաքելյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» կնքելուն և դրա համար նույնպես ՀՀ Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Փաշինյանի և իր իշխանության համար «Խաղաղության պայմանագիր» ունենալը դարձել է իրենց գործունեության միակ հարցը։ Ակնհայտ է, որ «Խաղաղության պայմանագրի» քննարկումնեը բերում են նրան, որ Փաշինյանն արդեն քիչ է մնում ասի՝ եկեք գոնե միայն վերնագիրը ստորագրենք, որովհետև աբսուրդ է, թե ինչ է նշանակում՝ այն կետերը, որոնք համաձայնեցված չեն, հանենք պայմանագրից, և ստորագրենք այն, որը համաձայնեցված է․ պարզ հարց է առաջանում՝ չհամաձայնեցված կետերի հետագա դրսևորումն ինչպե՞ս է լինելու։ Ինչպե՞ս կարող է լինել խաղաղություն, եթե փաստում ենք, որ ինչ-որ կարևոր կետեր, որոնք պայմանագրի մաս էին կազմում, դուրս են գալիս։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկություն չունի «Խաղաղության պայմանագիր» կնքելու»։