Աջափնյակում փետրվարի 18–ին, արյունալի կրակոցներից վիրավորվածներից 5–ը դեռևս գտնվում են հիվանդանոցում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը՝ հիշեցնելով, որ օրեր առաջ մեկ հոգի դուրս է գրվել, որը վնասվածք էր ստացել դեմքի շրջանում։
«Բոլոր 5–ը շարունակում են իրենց բուժումը։ Վերականգնողական շրջան են անցնում վիրահատությունից հետո, իրենց առողջության հետ կապված անհանգստացնող խնդիր չունենք»,–ասաց նա։
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։
Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։
Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, վիրավորներից երեքի վիճակը ծայհրահեղ ծանր էր, երեքինը՝ ծանր։




