ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները երբեք մերկապարանոց չեն լինում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Հայաստանը, քաղաքական նկատառումներից ելնելով, ուզում է «պոկվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի մի մասն ավելի բարձր գնով ձեռք բերելով Կիևից և ավելցուկային արժեքը ստանալով ԵՄ միջոցների հաշվին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհեթեթություն է որակել այս հայտարարությունը։
Պեսկովը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը և Հայաստանը երկկողմ համագործակցության օրակարգում բազմաթիվ հարցեր ունեն։
«Տեղյակ եք, որ հաճախակի շփումներ են տեղի ունենում ամենաբարձր մակարդակով։ Մենք երկկողմ համագործակցության օրակարգում բազմաթիվ հարցեր ունենք։ Հույս ունենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Ռուսաստանը շարունակում է զարգացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ երկկողմանի հիմքով և ինտեգրացիոն գործընթացների շրջանակում։
«Կշարունակենք անել դա նաև հետագայում», – ասել է Պեսկովը։
Նշենք, որ Հայաստանի հացահատիկի 90%-ը ներմուծվում է Ռուսաստանից։ Հայաստանում ցորենի ինքնաբավությունը կազմում է 23.2%։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ մինչև 2026 թվականի հունվարի վերջ ռուսական ցորենի 132 վագոններ երկաթուղով Հայաստան կհասցվեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։




