Մամուլում այսօր հրապարակումներ եղան, որ 2026 թվականի սկիզբը Հայաստանում կարող է լինել չափազանց ակտիվ՝ ամերիկյան քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից։ Ըստ փորձագիտական շրջանակների՝ փետրվարին հնարավոր է Հայաստան այցելի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Հրապարակումներում նաև ակնարկվում է, որ Մեղրիում սպասվում է, այսպես կոչված, «Թրիփի» հիմնարկեքի արարողությունը, ինչը, կարող է կապված լինել ԱՄՆ բարձրագույն ղեկավարության հնարավոր այցի հետ։
Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Aysor.am-ը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ հետաքրքրվելով՝ որքանո՞վ են համապատասխանում իրականությանը լուրերը Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ։
«Հայաստան նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին մենք պատշաճ կերպով և ժամկետներում տեղեկացնում ենք»,-հայտնեցին ԱԳՆ լրատվական ծառայությունից։




