2025 թվականի մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հարլեմանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նրան խիստ բողոք է ներկայացվել Հայաստան այցով գտնվող Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցերում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ։
Ադրբեջանը դա բացահայտ քաղաքական սադրանք է որակել, և «գերմանական կողմին կոչ արել հրապարակավ ներողություն խնդրել այս գրառման համար»։
Ընդգծվել է, որ Գերմանիայի նախագահի պաշտոնը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սատարելու հայտարարությանը և խաթարում է ընթացող խաղաղ գործընթացը։
Ադրբեջանին դուր չի եկել նաեւ այն, որ գրառման մեջ հիշատակվել է արցախահայությունը։