2025 թվականի հունվար ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացվել են վերը նշված անձանց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք փոխանցվել են հարազատներին: Ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. փետրվարի 27-ին ներկայացրել է իր դիտարկումները ադրբեջանական կողմից ներկայացված դիրքորոշումների և տեղեկությունների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել առավել մանրամասն տեղեկատվության տրամադրում: Միաժամանակ, Դատարանի ուշադրությունն է հրավիրվել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատավարությունում տեղ գտնող խախտումների և նրա առողջական վիճակի վատթարացման վրա, և պահանջվել է լրացուցիչ տեղեկատվություն:
Վերոնշյալի համատեքստում հիշեցնում ենք, որ այս պահին ուժի մեջ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի, նոյեմբերի 3-ի, դեկտեմբերի 11-ի և 23-ի, 2021 թվականի փետրվարի 17-ի, 2023 թվականի նոյեմբերի 21-ի և 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշումները, որոնք ընդունվել են միջանկյալ միջոցի կիրառման ընթացակարգի շրջանակում և վերաբերում են, ի թիվս այլնի, գերեվարված անձանց, այդ թվում այս պահին Ադրբեջանում գտնվող աձանց իրավունքների պաշտպանությանը:
Շարունակում է նաև ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով Դատարանը, Ադրբեջանի դեմ կիրառելով ժամանակային միջոցներ, ի թիվս այլնի, սահմանել է, որ Ադրբեջանը պարտավոր է 2020 թ. պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված և Ադրբեջանում պահվող բոլոր անձանց պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից, ինչպես նաև ապահովել նրանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը։ Միաժամանակ, իր 2022 թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ Դատարանն արձանագրել և ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հանձնառությունն՝ ապահովելու 2021թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ սահմանված վերոնշյալ պարտավորությունների կատարումը Ադրբեջանում պահվող ցանկացած հայազգի անձի նկատմամբ:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ։