Search
Close this search box.

Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

«Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է», — հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության այսօրվա հայտարարությանը։

«Անթույլատրելի է, երբ Հայաստանի արտգործնախարարությունը Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում գտնվող Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների զինաթափումն ու դուրսբերումը, որն ուղղված էր Ադրբեջանի ինքնիշխանության և սահմանադրական կարգի վերականգնմանը, որակում է որպես «հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա» և «էթնիկ զտում»,-նշել է Հաջիզադեն։

Այսօր լրանում է Արցախի անկման մեկ տարին։ Այդ կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է՝ մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության տեղահանությունը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր՝ նշելով՝ ավելի քան 115 000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։

Արցախում Ադրբեջանի ռազմական գործողություններին նախորդել էր 10-ամսյա բլոկադան․ Արցախը սուրջ տաս ամիս կտրված էր սննդի մատակարարումներից։ Արցախցիներն ապրում էին առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի, ջրի պաշարները սպառման եզրին էին։