Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում։
Ինչպես APA լրատվական գործակալությանը հայտնել է պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին, Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են վեհաժողովի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Ըստ Միրկիշիլիի՝ նման հայտարարությունները չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, այլ ավելի շուտ օգտակար են այն ուժերի համար, որոնք հետաքրքրված են դիմակայության պահպանմամբ։ Ադրբեջանի խորհրդարանը բազմիցս արտահայտել է իր բողոքը, իսկ Վաշինգտոնում կայացած խաղաղ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդարանի վերջին ոչ կառուցողական հայտարարությունը վերջնականապես խարխլել է Բաքվի վստահությունը՝ Եվրանեսթի շրջանակում համագործակցության նկատմամբ։
Բացի այդ, Միրկիշիլին նշել է, որ Ադրբեջանի հրաժարումը մասնակցությունից որևէ կերպ կապված չէ նիստը Հայաստանում անցկացնելու փաստի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Վրաստանը ևս հրաժարվել է մասնակցել Երևանում Եվրանեսթի նիստին։




