Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են, որովհետեւ իրենք արձագանքում են լրագրողների՝ Հայաստանի կողմից սպառազինություններ ձեռք բերելու թեման լարված պահելու տեսակետներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Մամուլը առավոտից երեկո գրում է, որ Հայաստանը ձեռք բերեց այսքան սպառազինություն Հնդկաստանից, այսքան Ֆրանսիայից, ամերիկյան ինքնաթիռները 10 րոպեն մեկ իջնում են Հայաստանում: Ադրբեջանն էլ նայում է, ասում է՝ էս ինչ է կատարվում:
44-օրյա պատերազմի պարտությունից հետո ՀՀ իշխանությունը դասեր քաղելով պատերազմում անհանջողություններից, նաեւ շարժվելով կառավարության ծրագրով, որոշակի ծրագիր է իրականացնում մեր երկրի անվտանգության կարիքները ավելի ակտիվ հոգալու եւ մեր երկիրն անվտանգ պահելու համար: Հայաստանը շարժվում է երկրի անվտանգությունն ավելացնելու, մեր ժողովրդի կյանքը անվտանգ պահելու ուղղությամբ»,-ասաց նա: