Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) թույլ չի տվել ադրբեջանցի պրոդյուսեր Էմին Էֆենդիին մուտք գործել երկիր։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Էֆենդին Ադրբեջանի ժողովրդական արտիստ Միրի Յուսիֆի հետ ցանկացել է մեկնել ադրբեջանական ծագում ունեցող ռուս գործարար Գոդ Նիսանովի որդու հարսանիքին։
Էֆենդիին կանգնեցրել են սահմանին և հետ ուղարկել Ադրբեջան։ Ինչպես հաղորդվում է, պատճառը պրոդյուսերի հրապարակումներն են նրա Telegram-ալիքում, որտեղ նա մեկնաբանություններ է արել քաղաքական և մշակութային թեմաների շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ։
Ադրբեջանական «Դեվիչյա բաշնյա» Telegram-ալիքը նշում է, որ Էմին Էֆենդիին և Միրի Յուսիֆին չեն թողել մտնել Ռուսաստան՝ պրոդյուսերի սոցիալական ցանցերի սադրիչ գրառումների պատճառով։ Մասնավորապես, նա վերջերս մեկնաբանել է Dream Fest (նախկին «Жара») երաժշտական փառատոնում ռուս արտիստների ելույթների չեղարկումը։
Ըստ Էֆենդիի՝ միջոցառումը «ազատվել է» ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից և այդ պատճառով «անցել է ավելի կենսուրախ, հետաքրքիր և ավելի մեր ուզածով, քան նախորդները»։