Search
Close this search box.

Ադրբեջանական զինշքերթ, հայկական կեցցե՛ հեծանվաերթ. Դավիթ Կարապետյան

Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրեր առաջ Բաքվում կայացավ «ADEX 2024» հինգերորդ հոբելյանական միջազգային պաշտպանական ցուցահանդեսը:
Մի շարք երկրների ռազմական ներկայացուցիչներ ու Ադրբեջանում հավատարմագրված ռազմական կցորդներ ներկա գտնվեցին միջոցառմանը:
Թուրքիայի ամբողջ ռազմական ղեկավարությունը՝ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի գլխավորությամբ, ևս ժամանել էին Ադրբեջան:
Ցուցահանդեսին Բաքուն ներկայացրել էր իր արագ տեխնոլոգիական զարգացումը և աճող պաշտպանական ներուժը:
Մասնավորապես՝ ադրբեջանական արտադրության «Զանգեզուր» և «DT-101 VTOL» անվանումներով անօդաչու թռչող սարքերը, «Թուրան-1» ինքնաձիգը, ինչպես նաև գնդացիրի 3 նոր տեսակ։
Ներկայացվել է նաև Իսպանիայի և Ադրբեջանի համատեղ ստեղծած միափող, 30 մմ տրամաչափ ունեցող հրանոթը, որը թիրախը կարող է խոցել 8֊13 կմ տարածության վրա։
Մի քանի օր առաջ Ադրբեջանը Թուրքիայից գնել է «ASELFLIR-500 EO» էլեկտրաօպտիկական հետախուզության, դիտարկման և նշանառության համակարգեր և փոքր տրամագծի «TOLUN» ռումբեր:
Այս համակարգերն օգտագործվում են հիմնականում «Bayraktar AKINCI» անօդաչու թռչող սարքերում:
Այս պահին բանակցություններ են ընթանում Թուրքիայի «ԱՍԵԼՍԱՆ» ընկերության կողմից արտադրված «ՀԵՐԻՔՍ» ԱԹՍ նախազգուշացման համակարգերի համատեղ ստեղծման շուրջ։
Այս մասին պաշտոնապես հաղորդվել է ցուցահանդեսի ընթացքում։
Հաղորդվում է նաև այն, որ այս համակարգերն այս պահին տեղակայված են Քարվաճառի շրջանում՝ 3300 մետր բարձրության վրա և արդեն իսկ շահագործվում են։
Այս համակարգերն ունակ են արագ փոխանցել ռադիոլոկացիոն տվյալները հրամանատարական կետ, հայտնաբերել թիրախները, հետևել զորքերի շարժին, ինտեգրվել տարբեր տեսակի ռադիոլոկացիոն համակարգերի հետ և աշխատել ակտիվ ռեժիմով։
Կա հստակ ինֆորմացիա, որ սեպտեմբերի 24-25-ին, Ադրբեջանի զինամթերք տեղափոխող «Silk Way Airlines» ընկերության ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել Անկարա և հետ:
Առաջին խմբաքանակի զինտեխնիկան արդեն իսկ Ադրբեջանում է:
Հիմնական մատակարարումները պետք է սկսվեն 2025թ-ից:
Այս օրերին Ադրբեջանի և Իսրայելի միջև նաև ռազմական արդյունաբերության ոլորտում ռազմավարական փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի շրջանակներում, բացի սպառազինության առևտրային գործարքից, նախատեսվում է համատեղ ռազմատեխիկայի արտադրության մեկնարկը:
Բաքվի և Հռոմի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման արդյունքում Ադրբեջանն Իտալիայից «C-27J» տեսակի ռազմատրանսպորտային օդանավեր է ձեռք բերել:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համալրվել են նաև պակիստանյան արտադրության «PAC JF-17 Thunder Block 3» գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչներով, որոնք լիովին փոխում են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ռազմական ուժերի հավասարակշռությունը (ռազմական բալանսը):
Այս կործանիչներով օդային գերակայությունն արդեն իսկ Ադրբեջանինն է:
Պակիստանից գնված «JF17» կործանիչներն արդեն իսկ թչիչքներ են իրականացնում Ադրբեջանի երկնքում։
«JF17»-երը համալրված են լինելու նախապես հարմարեցված թուրքական արտադրության գերժամանակակից «ASELPOD» օպտիկաէլետրոնային հայտնաբերման, տեղորոշման և լազերային ուղղորդման համակարգերով:
Բացի սպառազինության ու ռազմատեխնիկայի սեփական արտադրությունից ու ներմուծումներից, Ադրբեջանն այս պահին ակտիվ զբաղված է Հայաստանի սահմանագծի ողջ երկայնքով ամրացված հենակետեր կառուցելով:
Ըստ արբանյակային լուսանկարների, որտեղ հստակ երևում է ամրաշինական ու ինժեներական աշխատանքները, պարզ է դառնում, որ ամրացված դիրքերը / հենակետերը տեղակայված են ոչ թե առաջնագծում, այլ «երկրորդ գծում»:
Շինարարական աշխատանքներն ավելի մեծ թափով իրականացվում են Ջերմուկի, Խնածախի ու Սոթքի ուղղությամբ:
Թե ինչպիսի մարտավարաստրատեգիական ու պաշտպանական կարևություն, բնույթ ու ֆունկցիոնալություն ունի այս նախաձեռնությունը և թե ինչպես է փոխում բոլոր պատկերացումները ցամաքային, լեռնա-լանդշաֆտային ու դաշտավայրային պայմաններում սահմանային վերահսկողության գործառույթների տեսանկյունից՝ պարզապես կլռեմ:
Ինչևէ, չենք զարմանում:
Զուգահեռ իրականության մեջ, մենք խաղաղությամբ ու բարի կամքով ենք թարմացնում մեր արսենալը, հումանիզմն ու թշնամա-հարևանասիրությունն է մեր զենքը:
Մեր բաստիոնի ասպետը խաղաղություն է քարոզում, իսկ ավելի ճիշտ՝ մուրում, ՄԱԿ-ի ամբիոնից Լեոպոլդի պես՝ «ребята, давайте жить дружно!» հեքիաթներ է պատմում, ծափիկներ լսում:
Հետո Էրդողանին հյուր է գնում, խնդրում, որ վերջինս անձամբ միջնորդի ու համոզի, որ Ալիևը խաղաղության պայմանագիրը ստորագրի:
Բայց արի ու տես, կիրթ ու կառուցողական կոլեգադ այսօր կասի՝ Սահմանադրությունդ փոխի ու դեմիլիտարիզացվի (զինաթափվի),
Մինսկի խումբը լուծարի, անկլավները հանձնի, վտարանդիներիս դիմավորի, կոնտրիբյուցիա ու ռեպարացիա վճարի, Զանգեզուր բացի՝ ստորագրությունս ստացի:
Դե իսկ ոչ վաղ անցյալում թունդ նժդեհական, ոչմիթիզականը, կապիտուլյացիայից հետո՝ հլու-հնազանդ կամակատարը, ՄԱԿ-ի ամբիոնից կհայտարարի, որ պատրաստ է պահանջը բավարարի՝ Սահմանադրություն փոխի:
Այս տեմբերով վաղն էլ՝ «խաղաղության համար ի՞նչ զենք, ի՞նչ բանակ» լոզունգով երկրի ամբողջական զինաթափումը կապահովի:
Մեզ էլ կհամոզի, թե բանակ մեզ պետք չի, պետության համար ծախս է քառակի:
Համ էլ երեխան ինչու 2 տարով տուն տեղից կտրվի, գնա հեռու, ձնոտ սարերի գլխին ծառայի, միամիտ էլ՝ զոհվի:
Ձեռքի հետ էլ կփիլիսոփայի, թե՝ խաղաղությունն է որ անվտանգություն կերաշխավորի:
Դե արի ու այս մակերեսայինին բացատրի, որ անվտանգության մի երաշխիք կա՝ հզոր բանակ, որ եթե ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի:
Իսկ մինչ այդ՝ պտտում ենք պատմության անիվը, կեցցե՛ հեծանիվը,
ապրի՛ հարկ վճարողը, վայ չուզող-գանգատվողը…