Իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը հայտնել է, որ Ադրբեջան այցելած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հումանիտար հարցերի շուրջ ունեցել են բաց և անկաշկանդ քննարկումներ։ Նրա խոսքով՝ այդ թեման շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում, և այցի ընթացքում այն եղել է առանցքային ուղղություններից մեկը։
Սուլթանյանը նշել է, որ բազմիցս անդրադարձ է կատարվել գերիների և պահվող անձանց խնդրին՝ ընդգծելով, որ այն չի համապատասխանում խաղաղության գործընթացի ընթացիկ տրամաբանությանը։ Նրա գնահատմամբ՝ գործընթացն արդեն առաջ է անցել, և նման հարցերի լուծումը կարևոր պայման է հետագա առաջընթացի ապահովման համար։
Բացի այդ, հայկական կողմը բարձրացրել է նաև անհետ կորածների հարցը՝ մտահոգություն հայտնելով, որ համապատասխան հանձնաժողովի աշխատանքները բավարար արագությամբ չեն ընթանում։
Իրավապաշտպանը նշել է, որ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը ևս ներկայացրել է իր խնդիրները՝ անդրադառնալով ականների պայթյունների հետևանքով տուժած և զոհված անձանց թեմային, ինչպես նաև դեռ 1990-ականներից անհետ կորածների հարցին։





