Նախկին կյանքից մեզ միայն չափազանց թանկ հուշեր մնացին.
Մայր հայրենիքում իր ապագան կերտելու համար բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարած արցախցիներ կանգնած են բազմաթիվ անհայտներով հավասարումների առաջ։ Առանց հուսահատվելու շատերը շարունակում են արժանապատվորեն դիմակայել կյանքի հարվածներին։
«Հայաստանում մեզ շատ ջերմ ընդունեցին հարազատ դարձած մարդիկ, ովքեր ամեն ինչ անում էին փոքր-ինչ մեղմելու մեր ծանր ապրումներն ու գլուխ բարձրացրած հոգեբանական խնդիրները։ Հարազատների տանը որոշ ժամանակ հյուընկալվելուց հետո բազմաթիվ մեր հայրենակիցների նման մենք էլ բնակարան վարձակալեցինք։ Ինչ խոսք, դժվար է համակերպվելը, բայց մեր մեջ ուժ ենք փորձում գտնել, աշխատում տեսնել միայն դրականը, ինչը մեզ առաջ կմղի»,- Armlife.am-ի հետ զրույցում ասում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշենի միջնակարգ դպրոցի օտար լեզվի ուսուցչուհի Սուսաննա Հարությունյանը։
Ուսուցչուհին սարսափով է հիշում 2023-ի սեպտեմբերի 19-ը, երբ վայրկյանների ընթացքում փոխվեց արցախցիների կյանքի ընթացքը։
«Ամեն օրվա պես դպրոցում էինք, երբ սկսվեց պատերազմը։ Դեռ իմ աչքերի առաջ է, թե ինչպես առաջին կրակոցների հետ մեր պատմության ուսուցիչը՝ Արտակ Իսրայելյանը, մտավ ուսուցչանոց, ցած դրեց գրիչն ու մատյանը, գոտեպնդեց բոլորիս և շտապեց դիրքեր։ Ցավոք մեր պատմության ուսուցիչն ինքը ևս պատմություն դարձավ… Աշակերտներին տուն ճանապարհելուց հետո մենք էլ տուն շտապեցինք, իսկ ժամեր անց հրահանգվեց տարհանվել անտառամերձ տարածք, որտեղ համեմատաբար ապահով էր։ Թշնամին արդեն ամենուր էր և մենք ոտքով կտրելով մի քանի կիլոմետր ճանապարհ հասանք հարևան Մսմնա գյուղ (Մարտունու շրջան, խմբ.)։ Խոսել այդ ամենի մասին գուցե հիմա ավելի հեշտ է տրվում, սակայն այն ինչի միջով անցանք՝ իսկական դժոխք էր։ Անցնում էինք անտառով, վախենալով անգամ հեռախոսների լույսը միացնել, քանի որ կարող էր այնպես պատահել, որ թշնամին արդեն անտառ լիներ մտած։ Այդուհանդերձ, ամենածանր թվացող պահին անգամ մտքովս չէր անցնում, որ դա վերջն էր»,- հուզմունքով պատմում է զրուցակիցս։
Սուսաննա Հարությունյանը ծնվելով և հասակ առնելով Սարուշեն գյուղում՝ ամուսնացել և ընտանիք է կազմել համագյուղացու հետ։ Որպես երիտասարդ ընտանիք օրինակ են ծառայել իրենց օրինակելի բարքով, նիստ ու կացով հավատարիմ մնացել ծննդավայրին։
«Որոշել էինք, որ ապրելու և արարելու ենք հարազատ գյուղում։ 23 ամյա համատեղ կյանքում կարողացել ենք ստեղծել բարեկեցիկ կյանք, ապրել ծննդավայրի կյանքով։ Լինել նրա մի մասնիկը՝ մեծ պատիվ էր մեզ համար։ Հիմա հպարտ եմ, որ երբևէ չեմ մտածել իմ ակունքներից հեռանալու մասին։ Դասավանդել եմ իմ հարազատ կրթօջախում, որտեղ և ուսում են ստացել իմ չորս զավակները։ Ցավոք, վերջին պատերազմի ժամանակ մեր ուսուցչական կոլեկտիվը ևս ծանր կարուստներ ունեցավ։ Մեկօրյա պատերազմի ժամանակ 12 սարուշենցի է նահատակվել գյուղի պաշտպանության ժամանակ, նրանք բոլորն էլ մեր հարազատներն են, մեր դպրոցի սաները։ Ուսուցիչներից մեկի ամուսինը, մյուսի մինուճար որդին նահատակվեցին հանուն գյուղի փրկության»,- հուզմունքը թաքցնել փորձելով ասում է տիկին Հարությունյանը։
44 – օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սարուշենում ապրելն ու երեխաներ դաստիարակելը խիզախություն էր։ Արցախի 75 տոկոսը կորցնելուց հետո արցախցիներն ավելի մեծ պատվախնդրությամբ էին լցված հայրենիքում ապրելու, վիրավոր Արցախի վերքերին սպեղանի լինելու համար։
«Շուրջ երեք տարի թշնամու խլացնող կրակոցների ներքո շարունակում էինք ապրել՝ անընդհատ անհանգստանալով մեր երեխաների անորոշ ապագայով։ Շրջափակման ծանր օրերին էլ Արցախից դուրս գալու մասին երբևէ մտքով չեմ անցկացրել։ Մի փոքր հույս ռուս-խաղախապահների ներկայությունն էր ներշնչում։ Սակայն թշնամուն այդ հանգամանքը ևս չկանգնեցրեց։ 2023-ի սեպտեմբերի 19-ի մի քանի ժամ տևած արյունալի պատերազմը մեզանից կյանքեր խլեց, սեփական օջախներ, հարազատ գյուղ և թանկ Հայրենիք։ Նախկին կյանքից մեզ միայն հուշեր մնացին՝ չափազանց թանկ։ Անչափ կարոտում եմ իմ կոլեգաներին, սաներին։ Այժմ ամեն կերպ փորձում ենք պահպանել կապն իրար հետ»։
Սուսաննա Հարությունյանի ընտանիքը Երևանում է հաստատվել։ Աշխատանքի է անցել «Իմ բալիկ» զարգացման մանկապատանեկան կենտրոնում։
«Նաև անգլերենի դասապատրաստման աշակերտներ ունեմ։ Ամուսինս ու երկու տղաներս ևս աշխատանք են գտել, աղջիկնես դեռ դպրոցականներ են։ Փորձում ենք հարմարվել նոր միջավայրին, քանի որ սա ևս մեր հայրենիքն է՝ անչափ մեզ հոգեհարազատ։ Միակ ցանկությունը խաղաղությունն է, որ գոնե այսքան զրկանքներ կրելուց հետո խաղաղություն հաստատվի։ Ապրում ենք լավատեսությամբ, պապենական հազարամյա դրախտավայր Արցախ վերադառնալու հույսը մեր մեջ վառ պահելով»:
Անահիտ Պետրոսյան