Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։
Սկզբում ցուցարարները բեռնատարով կոտրել են խորհրդարանի շոնքի դարպասներն ու ներխուժել, ապա շրջափակել են նախագահականը և կրկին կոտրել դարպասները:
Ցուցարարները ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք իրենց հերթին ծխային ռումբեր են օգտագործել։ Խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ութ մարդ:
Առավոտյան ընդդիմության կոչով մարդիկ սկսել են հավաքվել խորհրդարանի մոտ։ Աբխազիայի բարձրագույն օրենսդիր մարմինն այսօր պետք է քննարկեր ՌԴ-ի հետ ներդրումների մասին միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Սակայն, պատգամավորների որոշմամբ, հանդիպումը չեղարկվել է։
Աբխազիայում ցուցարարները պահանջել են նախագահի անհապաղ հրաժարականը:
Շաբաթվա սկզբին Աբխազիայի խորհրդարանն ընդունել է «Բազմաֆունկցիոնալ համալիրների իրավական կարգավիճակը կարգավորելու մասին» օրենքը։ Այս փաստաթուղթը կարգավորում է Ռուսաստանի հետ հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված ներդրումների մասին միջկառավարական համաձայնագրի որոշ հայեցակարգեր։ Ընդդիմությունը պնդում է, որ խոսքը Աբխազիայում Ռուսաստանին բնակարաններ վաճառելու մասին է, և դեմ է փաստաթղթի վավերացմանը՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ փողոց։ Մինչդեռ նախագահ Ասլան Բժանիայի խոսքով՝ Ռուսաստանի հետ ներդրումային գործունեության վերաբերյալ համաձայնագրի բացակայությունը ռիսկեր է պարունակում հանրապետության համար։