Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հավանական չի համարում Ռուսաստանի՝ TRIPP ծրագրին միանալը՝ ընդգծելով, որ այն «հայ-ամերիկյան կազմակերպություն է»։
«Նախ և առաջ, TRIPP-ը դա հայ-ամերիկյան կազմակերպություն է, եթե մենք խոսում ենք նմանատիպ ինչ-որ երթուղու կամ նմանատիպ ինչ-որ ճանապարհ բացելու մասին, ըստ իս, դա պետք է լինի առանձին ինչ-որ նախաձեռնություն, բայց TRIPP-ի շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում, որովհետև դա նշանակում է ամեն ինչ անել, որ TRIPP-ը հանկարծ չաշխատի»,- ասել է նա։
Անդրադառնալով Ռուսաստանի հետաքրքրությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ «դա նորմալ է, մեծ տերության գործելաոճ է» և որևէ արտառոց բան չի նշանակում։
Նրա պնդմամբ՝ «Բոլորն էլ հետաքրքրված են իրենց շրջապատող երկրներում ազդեցություն ունենալ»։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսելիս Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «պատերազմի էջը փակված է» և խաղաղության օրակարգը հանրության կողմից ընդունված է։
Նրա համոզմամբ՝ այդ մոտեցումը «ևս մեկ անգամ կհաստատվի 2026 թվականի ընտրություններին»։




