Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը ի սկզբանե մեռելածին էր, բայց ժամանակի ընթացքում ամբողջովին ոչնչացավ, երբ դրա տակ ստորագրած երեք երկրների ղեկավարները չկատարեցին այնտեղ նշված կետերը։
Բացի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերից, որտեղ նշվում է պատերազմի դադարեցման և Արցախի մի շարք տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին, մյուս բոլոր կետերը չեն կատարվել։
3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերում նշված Ռուսաստանի խաղաղապահական երաշխիքները չեն կատարվել։
4-րդ կետում նշված՝ խաղաղապահ առաքելության 5 տարվա փոխարեն ռուսական զորքը Արցախում մնացել է 3 տարի ու հեռացել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ահաբեկչական հարձակումներից հետո, երբ Հայաստանի կառավարության լուռ համաձայնությամբ ու Ռուսաստանի հայացքի ներքո ամբողջովին հայաթափվեց Արցախի հայկական պետությունը։
6-րդ կետում նշված Լաչինի միջանցքը 2022-ի դեկտեմբերից դադարել է լինել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Նույն կետում նշված՝ Լաչինի միջանցքով հայերի տեղաշարժի անվտանգության երաշխիքներ տված Ադրբեջանը չի կատարել իր խոստումը։ Հետևաբար այս կետը ևս չի իրականացվել։
7-րդ կետում նշված՝ փախստականների վերադարձը Արցախի տարածք՝ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո, ևս չի իրականացվել։ Շուշիից, Հադրութից, Մատաղիսից, Քարվաճառից ու Արցախի մյուս շրջաններից տեղահանված Արցախցիները այդպես էլ չկարողացան վերադառնալ իրենց տներ։
8-րդ կետում նշված՝ գերիների ու պատանդների փոխանակումը ևս չի իրականացվել։ Ադրբեջանը մինչև այսօր չի վերադարձրել բազմաթիվ հայ գերիների։
Այս ամենի ֆոնին Ադրբեջանը, Ռուսաստանը և որոշ այլ երկրներ հայտարարում են, թե Հայաստանը պետք է կատարի փաստաթղթի 9-րդ կետը՝ ճանապարհներ տա Ադրբեջանի և Նախիջևանի ցամաքային կապի համար։
Փաստաթղթի 8 կետերի չգոյության պայմաններում վերջին 1 կետի կատարման պահանջն առնվազն անբարոյականություն է, որը չի կարող կատարվել։
Հայաստանում պետք է ձևավորվի հանրային ու քաղաքական պահանջ՝ հետ կանչելու ստորագրությունը նոյեմբերի 9-ի այդ հիմար թղթի տակից և հայտարարելու դրա ձախողման մասին։ Ներկա աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակում դա միակ տրամաբանական ճանապարհն է»։