ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը ահազանգում է․
Արմավիրի մարզի Նորապատ համայնքի բնակիչ Գեղամ Ղևոնդյանը հայտնաբերել է, որ իր բնակության հասցեում առանց իր գիտության և համաձայնության գրանցվել են վեց անհայտ անձինք։ Սա ընտրական գործընթացից առաջ կիրառվող վտանգավոր մեխանիզմ է, որը ուղղակիորեն խաթարում է ընտրողների իրական հաշվառումը և կասկածի տակ դնում ընտրությունների օրինականությունը։
Նման փաստ է այսօր արձանագրել լրագրող–մեկնաբան Հռիփսիմե Առաքելյանը՝ահազանգելով, որ իր եղբոր տան վրա
շատ պատահական, հայտնաբերել են, որ 12 հոգի մարդ կա գրանցված։ «Եղբայրս` լինելով տան սեփականատերը, տեղյակ չէ որևէ մեկի գրանցումից։ Առանց սեփականատիրոջ գիտության, մեր «օրինապաշտ» Հայաատանում մարդկանց տանում խառը գրանցում են, բնականաբար այլ նպատակներով»։
Հունիսի 7–ի ընտրություններին ընդառաջ նման դեպքերը արդեն ստանում են համակարգային բնույթ։ Նույնատիպ իրավիճակ արձանագրվել էր նաև Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ, որի մասին ես հրապարակայնորեն ահազանգել եմ։ Մինչ օրս, սակայն, իրավապահ մարմինների կողմից որևէ տեսանելի և հանրությանը ներկայացված իրավական գնահատական չի տրվել։
Ընտրակեղծարարությունը միշտ սկսվում է նման «անտեսանելի» մեխանիզմներից՝ կեղծ գրանցումներից, վարչական ռեսուրսի չարաշահումից և քաղաքացիների ընտրական իրավունքի խեղաթյուրումից։
Դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով անհապաղ հարուցել քրեական վարույթ, պարզել բոլոր պատասխանատու անձանց շրջանակը, հրապարակայնորեն ներկայացնել քննության արդյունքները և կանխել ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն։
Սա պահանջ է՝ պաշտպանելու քաղաքացիների ընտրական իրավունքը, ոչ թե ձևական հայտարարություն։





