Արդեն երեք օր է անցել, ինչ ես ընդդիմադիր լրատվամիջոցներին մարտահրավեր եմ նետել և առաջարկել իրենց ուզած տաղավարում պատասխանել իրենց բոլոր հարցերին: Առաջարկի ժամանակ հնչեցրել եմ մի քանի անուն և լրատվական ու հիմա այս խիստ ընդդիմադիր կեցվածքով խմբագիրներն ու կայքերը փորձում են այս իրավիճակից ելք գտնել: Արմինե Օհանյանն ինչ-որ պատճառներ ու պայմաններ է բարձրաձայնում՝ մե՛կ կեղծանունով (Էդիկ), մե՛կ թերթի հոդվածի շրջանակներում, Արամ Աբրահամյանը կապի միջոցների և հրավերների մեխանիզմ է առաջ քաշում: Սաթիկ Սեյրանյանը ձև անում, որ չի տեսել և չի լսել, Քոչարյանի կայքերը և հեռուստաալիքը՝ սպասում սեփականատերը իշմար տա, թե ինչ անեն: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Իսկ փաստը հետևյալն է՝ ես պնդում եմ, որ դուք ուղղակի վախենում եք: Ասածս վիրավորելու կամ սկզբունքի դրդում առաջացնելու համար չէ:
Երբ ես այս առաջարկն անում էի, ես կանխատեսել էի հնարավոր արձագանքները:
Ա. Դուք առերեսվելու էիք մի իրավիճակի հետ, երբ ձեր՝ տարիներով հնչեցրած մեղադրանքները պատասխաններ են ստանալու և դուք վատ դրության մեջ հայտնվեք, չէ՞ որ մի բան է նստել ձեր ուզած և բերած թեկուզ անհայտ մարդու հետ «ջան ասել ու ջան լսել», մեկ այլ բան է այլ պատասխան լսելը:
Բ. Դուք վախենում եք, որ ձեր կողքինները ձեզ կհոշոտեն, ինչպես դուք անում եք ձեր կողքինների հետ: Մեկը կասի՝ մի փոքր ավել ժպտացիր, մյուսը կասի՝ այս հարցը չտվեցիր, երրորդը՝ ինչո՞ւ գնացիր:
Գ. Դուք անհանգստանում եք, չէ՞ որ ես շատ բան գիտեմ Ձեր մասին, բա որ մի այնպիսի բան ասեմ եթերով, որ վատ դրության մեջ հայտնվեք:
Դ. Դուք անհանգստանում եք, որ հանկարծ եթերի ժամանակ ես կարող եմ Ձեր հովանավորներին հիշեմ, ու դուք չիմանաք ինչ անեք և ինչպես հակադարձեք:
Ե. Դուք Ձեր մեջ իրար տանել չեք կարողանում և նստած մտածում եք, թե ոնց Ալեն Սիմոնյանից բացի նույն տաղավարում հայտնվեք մեկդ մյուսի հետ և իրար ձևական ժպտաք)))
Զ. Այդ հարցազրույցից հետո ակնհայտ է, որ միայն ես եմ շահելու, քանզի քանդվելու է այն միֆը, որ դուք ստեղծել եք իմ և մեր թիմակիցների շուրջ, ու դուք չգիտեք, թե ի՞նչ եք անելու դրանից հետո:
է. Թե՛ այս առաջարկի գոյությունը, թե՛ հարցազրույցը կոտրելու է Հայաստանը՝ որպես մամուլի բռնաճնշման, ինչպես նաև բռնապետական այն պատկերը, որը դուք ջանում եք տարածել:
Այս ու էլի շատ պատճառներով դուք խուսափելու եք, ինչպես նախկինում ասացի՝ պատճառներ եք բերելու, ձև եք անելու, որ չեք լսել, չեք տեսել, որ ՀՀ ԱԺ նախագահն ընդդիմադիր լրատվամիջոցների խմբագիրներին, լրատվամիջոցներին առաջարկում է գալ իրենց տաղավար և պատասխանել բոլոր հարցերին:
Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 1-ը, ասե՛ք, դուք հարցեր ունե՞ք, դուք ասելիք ունե՞ք, դուք լրատվական դաշտի ներկայացուցի՞չ եք, թե՞ կոնկրետ գաղափարի սպասարկող»,- գրել է Ալեն Սիմոնյանը:




