«Հայը կա» հասարակական կազմակերպության նախագահ Արազ Բաղդասարյանը մինչեւ վերջին ժամանակներս Սրբազան պայքարի աջակիցներից էր: Միտինգների ժամանակ նրան հաճախ կարելի էր տեսնել Բագրատ Գալստանյանի կողքին, նրա հետ լուսանկարներում ու տեսանյութերում, նրա աջակիցների շարքերում: Բայց վերջերս Արազ Բաղդասարյանը տարօրինակ ձեւով անհետացել էր Սրբազանի շրջապատից:
Անգամ Գալստանյանին ձերբակալելու օրը, երբ հարյուրավոր մարդիկ էին Սրբազանի կողքը, Արազ Բաղդասարյանը չերեւաց: Երբ հազարավոր անծանոթներ սոցցանցերում Սրբազանին աջակցող գրառումներ էին անում՝ ընդվզելով Հայաստանում հետզհետե հաստատվող քաղաքական բռնաճնշումների դեմ, Արազ Բաղդասարյանը ոչ մի թթու խոսք Փաշինյանի ու նրա դուդուկի տակ պարող իրավապահների հասցեին չասաց, իսկ Գալստանյանին կալանավորելու օրն արած նրա ֆեյսբուքյան գրառումը վերաբերում էր Երեւանի քաղաքապետարանի առեւտրի բաժնի ստացած հրահանգներին:
«Ինչպես նախորդ տարի «Արբա Մեդիա» ընկերության վահանակներն ապամոնտաժվեցին առաջին դեմքի հրահանգով՝ Սրբազան պայքարի մասին իրազեկող գովազդների տեղադրման համար, այնպես էլ հիմա, նույն սկզբունքով ապամոնտաժում են Սամվել Կարապետյանի մասին հոլովակներ տեղադրելու եւ քաղաքական հրահանգավորման պատճառով»,- գրում է նա։
Ինչո՞ւ մեզ այսքան հետաքրքրեց Արազ Բաղդասարյանն այս օրերին: Բանն այն է, որ Արազ Բաղդասարյանը Սրբազանի մոտ հարեւանն է: Նրա տունը կպած է Սրբազանի կեցավայրին՝ Ալեք Մանուկյան փողոցում գտնվող վարձով տանը, հնարավոր է, որ հենց նա է գտել Գալստանյանի համար այդ տունը եւ կամ էլ կիմանա այն անձին, որը Բագրատ Գալստանյանին տեղավորել է այդտեղ: Իսկ այս հարցերն արդիական են, քանի որ ուղղակի առնչվում են Սրբազանի տանն արված ձայնագրություններին, որոնք հրապարակեց ԱԱԾ-ն: Որպես մոտ հարեւան՝ հնարավոր է, որ Արազ Բաղդասարյանը տեղյակ լիներ, թե ով է ազատ ելումուտ ունեցել այդ տուն, ով ուներ Սրբազանի տան բանալին եւ ով կարող էր տեղադրել ձայնագրման սարքերը կամ «ժուչոկները»։ Մենք ուզում էինք այդ հարցերն ուղղել Արազ Բաղդասարյանին, սակայն նրա բջջայինը ժամեր շարունակ անջատված էր, նամակներին նա նույնպես չպատասխանեց: Կալանավորված անձանց այս պահին հայտնի ցուցակում նա չկա:
Ինչպես հայտնի է, Արազ Բաղդասարյանը նախկինների օրոք եղել է Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը։ Նա «Արբա Մեդիա» ՍՊԸ-ի սեփականատերն է, ասում են՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկն է: Արազ Բաղդասարյանը, որը Բագրատ սրբազանի հարեւանն է 2024 թվականից, քաղաքաշինության նախկին նախարար Վահագն Վերմիշյանի փեսան է, այն նույն Վահագն Վերմիշյանի, որին դատախազությունը մոտ 1 ամիս առաջ մեծ նվեր մատուցեց՝ հրաժարվելով շուրջ 352 միլիոն դրամ արժողությամբ «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցապահանջից: Հուսանք, որ Արազ Բաղդասարյանը կալնավորվածների թվում չէ եւ կհայտնվի ու մեր մի քանի հարցին կպատասխանի, մասնավորաբար, թե ինչու, նախկինում լինելով Սրբազանի կողքին, այսօր կարծես հեռացել է նրա պայքարից:
Հրապարակ