Օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։35-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «կատատրավմա, փակ ԳՈՒՎ, կզակի շրջանի քերծած վերք, ձախ ոտնաթաթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 3-ամյա Կ․ Մ-ն է։ Ծնողները ոստիկաններին հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է տան 2-րդ հարկի ննջասենյակի պատուհանից վայր ընկնելու հետևանքով։ Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։