Արցախի ամբողջական օկուպացիայից հետո 3 հայ կին և 11 տղամարդ առ այսօր ադրբեջանցիների հետ շարունակում են ապրել հայաթափված Ստեփանակերտում։ Հայտնում է «Մեդիահաբ»-ը։
Փաստացի, Ստեփանակերտը վերջինը լքել է դասախոս, գրող, ազգությամբ ռուս Սերգեյ Օգոլցովը։ Իսկ 14 հայերը, որոնք մնացել են իրենց ցանկությամբ, բարեկամների խոսքով՝ փաստացի գերի են իրենց տանը։
«Նախ զանգերը, որ առաջ հաճախակի էին լինում, հիմա «շահումով» են դարձել։ Այս առումով շատ անկազմակերպ է, բոլորն ապրում են իրար հետ ճամբարի պես, նրանց արգելում են դուրս գալ, զբոսնել, գնալ իրենց սեփական տներ։ Երբ հարցրել եմ՝ վերջը խի՞ մնացիր, ասում է՝ «սուս, այդ թեմայով մի խոսա», թեման փոխում է, բայց պարզ երևում է, որ կա՛մ վերահսկում են զրույցը, կա՛մ փոշմանել են, որ մնացել են, ու երևի թե հիմա ուշ է, որ հետ ուղարկեն։ Ինձ թվում է` իրենց պետք է, որ այնտեղ հայեր լինեն, թեկուզ քիչ քանակով»,- «Մեդիահաբ»-ին պատմել է Ստեփանակերտում մնացած Մերուժանի ընկերներից մեկը։ Նա Հադրութի շրջանի Տող գյուղի բնակիչ Լարիսայի բարեկամն է։ Վերջինս տեղեկացրել է, որ հորաքրոջ հետ վերջին անգամ խոսել է մոտ 2 ամիս առաջ։ «Լարիսայի մասին տեղեկություններ պարբերաբար ստանում եմ ադրբեջանական Կարմիր խաչից։ Քանի որ նրանց գրասենյակը տեղափոխվել է, զանգերը քչացել են»,- ասել է նա՝ նշելով, որ Լարիսայի ցանկությունը Տող գնալն է, որդու և մյուս հարազատների գերեզմաններին այցելելը։
Ի տարբերություն Մերուժանի և Լարիսայի, Ստեփանակերտում մնացած շուշեցի Կամոն երկար դադարից հետո 3 օր առաջ է զանգել հարազատներին, տեղեկացրել, որ լավ է։ «Մենք էլ էինք անհանգստանում, բայց զանգեց WհatsApp-ով, ասաց, որ անձնական հեռախոսներ չունենալու պատճառով ստիպված են ուշ-ուշ զանգել»,- ասել է ազգականը:
Լրատվականը գրում է․ «Օկուպացված Արցախում տուրիզմի շրջան է։ Ադրբեջանցիներն այս տարի նախընտրում են տուրեր կազմակերպել, այցելել օկուպացված Արցախ։ Մեր զրուցակիցներն ասում են, որ դրա պատճառով, իրենց հարազատների շարժը քաղաքում սահմանափակել են։
«Ճամբարից դուրս գալ չեն թողնում, որ չխանգարեն իրենց հանգիստը։ Չնայած ադրբեջանցի տուրիստներն իրենք են ցանկանում այցելել այդ խնամքի կենտրոն ու տեսնել հայերին։ Սոցիալական ցանցով տեսել եմ, որ գնում են տեսակցության, հայերի մասնակցությամբ վիդեոներ նկարում, ծաղրում, նվաստացնում նրանց»,- հավելեց մեր զրուցակիցը»»։