«3+3» ձևաչափում Վրաստանի առջև դռները միշտ բաց են, աթոռն էլ՝ դրված», նախօրեին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ի սկզբանե բոլորը համակարծիք էին, որ ձևաչափը «3+3»-ն է, և որ մենք հասկանում ենք Վրաստանի դիրքրոշման կասկածներն ու նրբերանգները, սակայն Վրաստանի ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում», — ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ Պետդումայում ելույթի ժամանակ։
Լավրովի խոսքով՝ «3+3»-ը բխում է բոլոր մասնակիցների շահերից, սակայն այն «ոչ թե կասկած, այլ նախանձ» էր առաջացրել ԱՄՆ նախորդ վարչակազմում։
«ԱՄՆ նախորդ վարչակազմը փորձում էր «3+3» ձևաչափը փոխարինել «3+1» ձևաչափով, այսինքն՝ անդրկովկասյան երեք երկրներ և Բայդենի մարդիկ, որ կղեկավարեին իրենց»,- նշել է Լավրովը։
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
Այս ձևաչափով առաջին հանդիպումը 2021-ի ավարտին էր, ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։
2023-ի հոկտեմբերի վերջին Թեհրանում «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը եղավ արտգործնախարարների մակարդակով՝ կրկին առանց Թբիլիսիի մասնակցության։ Իսկ նման վերջին հանդիպումը 2024-ի հոկտեմբերին էր Անկարայում։