Ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը։ Այս մասին ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Ամենամեծ աճը, ըստ էության, ունենք աշխատանքի և սոցիալական հարցերին նախարարությունում, որը կազմում է 87 միլիարդ դրամ, այնուհետև ԿԳՄՍ նախարարությունում 57 միլիարդ դրամ, առողջապահության նախարարությունում 44 միլիարդ դրամ, ֆինանսների նախարարությունում գրեթե 42 միլիարդ դրամ, տարածքային կառավարման նախարարությունում 36 միլիարդ դրամ և պետական եկամուտների կոմիտեում 23 միլիարդ դրամ, նվազում ունենք 101 միլիարդ դրամ պաշտպանության նախարարության, 10 միլիարդ դրամ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ուղղություններով»,- ասել է Հովհաննիսյանը:
«Այլ եկամուտները 26 թվականին կկազմեն 97.7 միլիարդ դրամ, իսկ պաշտոնական դրամաշնորհները 20.5 միլիարդ դրամ։ 26 թվականին պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման արտաքին աղբյուրները կկազմեն 154 միլիարդ դրամ, դրանցից 133.5 միլիարդ դրամը կկազմեն վարկային միջոցները, իսկ 20.5 միլիարդ դրամը կկազմի դրամաշնորհային միջոցները։ Ըստ էության, կապիտալ ծախսերի 583 միլիարդ դրամը կֆինանսավորվի ներքին աղբյուրներից և 121 միլիարդ դրամը կֆինանսավորվի արտաքին աղբյուրներից, ինչպես կարող եք նկատել 2025 թվականի համեմատությամբ մենք ունենք արտաքին աղբյուրներից ֆինանսավորման չափերի ավելացում, սա պայմանավորված է նրանով, որ արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, ըստ էության, տալիս են ճկունություն, որովհետև մենք պարտք վերցնում ենք այն չափով, ինչքանով, որ ծրագիրը իրականացվում է, այսինքն կարիք չի լինում պարտք վերցնել և հետո, եթե թերակատարումներ են լինում, այդ պարտքի համար ավելորդ տոկոսավճարներ վճարել, թեև այս դեպքում էլ կան պարտավճարներ, սակայն դրանք ավելի ցածր մակարդակ ունեն»,-ավելացրել է նախարարը:
«Սոցիալական ծախսերը 25 թվականի համեմատությամբ կավելանան 3%-ային կետով, այսինքն եթե ընդհանուր բյուջեի 41%-ը կազմում են սոցիալական ծառայությունները, 26 թվականին այդ ծառայությունները կկազմեն 44%-ը: Եվ պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ծախսերը 26%-ից կնվազեն 22%-ի։ Եվ եթե խոսենք առանձին նախարարությունների ՀՆԱ-ում պատկերի մասին, կտեսնենք, որ ԿԳՄՍ և առողջապահության նախարարության մոտ երկու տոկոս 0.2% կետով ավելացում ունենք: Ծախսերի նվազում ունենք պաշտպանության նախարարության, էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք 0.1% կետով են»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը:
Վերջում նախարարը նշել է, որ պարտքի հետ կապված ցուցանիշները թեև պարտքի սպասարկման ծախսերը բացարձակ թվով ավելանում են՝ պայմանավորված պարտքի անվանական ծավալի աճով, ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը կայունանում է 2026 թվականին։ «Միջազգային և ներքին շուկայում տոկոսադրույքների նվազումը կհանգեցնի պարտքի գծով տոկոսավճարների բեռի կայունացման, տոկոսավճարների մեծությունը հաշվարկվել է նաև հաշվի առնելով փոխարժեքի գծով որոշակի ռիսկեր, այսինքն, եթե այդ ռիսկերը չնյութականան, պարտքի սպասարկման ծախսերը ծրագրային ցուցանիշից պակաս կլինեն, ինչը, օրինակ, տեղի է ունենալու։ Այս տարի մենք ունենալու ենք պարտքի սպասարկման գծով գրեթե 40 միլիարդ դրամի տնտեսումներ»,- նշել է նա:




