Շատ կարևոր է կարդալ և հասկանալ՝ ինչ է գրված: Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ Ձեր կողմից նշված հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղում: Ընդհակառակը՝ գրված է համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ-ի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Այս մասին Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, երեկ հրապարակված «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերի» վերաբերյալ:
Նա նշել է, որ նույն փաթեթում հրապարակված է նաև Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը, որում ակնարկվում է՝ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում և դրան պետք է մասնակցի ԼՂ-ի ամբողջ բնակչությունը:
«Հիմա ասում են՝ լավ առաջարկ էր, ասում եմ՝ լավ առաջարկ էր, ուրեմն ժամանակին գնայիք լուծումների, եթե լավ առաջարկ է եղել ու չեք գնում լուծումների, պետք է պատասխան տաք ժողովրդին՝ ինչո՞ւ չեք գնացել: Իսկ եթե վատ առաջարկ է եղել, ցանկացած հաջորդ առաջարկ նախորդից վատն է եղել: 2019 թվականի փաստաթուղթն ինքնուրույն փաստաթուղթ չի, ինձ չի ներկայացվել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկ»,-ասել է Փաշինյանը :




