Search
Close this search box.

«1991-ից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը խմբագրեց մեր դասագիրքը»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի նախօրեին, Անկախության հռչակման 33-րդ ամյակին ընդառաջ Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկ հայտարարությամբ փոխեց Հայոց պատմության դասագիրքը:
ՀՀ իշխանությունները կրկին ապացուցեցին, որ իրենց համար հայ-ռուսական «դարավոր», «ռազմավարական», «դաշնակցային» հարաբերությունները վեր են ամեն ինչից:
ՌԴ ԱԳՆ-ն քննադատեց 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի նոր դասագրքերում Ռուսաստանի դերը նսեմացնելու փաստը, հատկապես՝ «Արևելյան Հայաստանի բռնացումը Ռուսաստանին» վերնագրով գլխի առնչությամբ, որն իբր խեղաթյուրում է 18-19-րդ դարերի իրադարձությունները Հարավային Կովկասում: Նույն օրը ՀՀ ԿԳՄՍ-ն անմիջապես արձագանքում, վերանայում է վերնագիրը՝ այն հարմարեցնելով «հայ-ռուսական բարեկամության» չխաթարվող ուղուն:
Այսինքն՝ 1991-ից ի վեր առաջին անգամ, Ռուսաստանը փաստացի խմբագրեց մեր դպրոցի դասագիրքը՝ պետական մակարդակով ստանալով թաքնված ցենզուրայի հաստատման իրավունք:
Հայոց պատմության նոր դասագրքում այսօր մեկ բառի պատճառով փոխում ենք պատմությունը՝ հնազանդվելով մեր «ռազմավարական դաշնակցի» ցանկություններին:
Արդյունքում, մեր հասարակական գիտելիքի ձևավորման գործընթացը հնազանդեցվում է օտար պետության շահերին՝ խեղաթյուրելով փաստերը և ջնջելով հայոց պատմության իրական դրվագները:
Տգիտության և ստրկահաճո հայրենասիրության այս խրախճանքում պարզապես խոսքերն ավելորդ են: Կրթության նախարարության պաշտոնյաները, գիտնականներն ու մշակույթի գործիչները, փողկապավոր մտավորականները ուղղակի պետք է ամոթից գետինը մտնեն տեղի ունեցածից հետո: Քանի՞ հոգի իրապես գիտակցեց, թե ինչ կատարվեց երեկ։