Օրենքներում փոփոխություն կատարելու մասին փաթեթն ընդունելու նախաձեռնությամբ, հավանաբար, փորձում են կանխել բողոքի ակցիաները: Tert.am -ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին: Այն մշակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման է դրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Ըստ նախագծի՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն ստուգելու նպատակով, որը եթե ուղևորները չներկայացնեն, ապա բացասական հետևանքներ կկրեն՝ վարչական պատասխանատվության կենթարկվեն. ուղևորները ենթարկվելու են տուգանքի՝ 15,000 դրամի չափով:
«Իշխանությունները փորձում են ունենալ գործիք՝ ճնշելու մեր հայրենակիցներին՝ չիրականացնել իրենց քաղաքացիական անհնազանդությունները, ակցիաները: Այսօր մեր հայրենակիցները ոչ թե ցանկանում են անվճար օգտվել տրանսպորտից, այլ ուզում են հանրային ճիշտ մասնակցություն ունենալ տրանսպորտի հետ կապված փոփոխություններին, որը ցավոք, տեսնում ենք, որ չկա: Այժմ իրականացվել է մի պրոցես, որն ամբողջությամբ սխալներով է արվում: Քաղաքացին պարտավորություն չունի վճարելու համայնքի սխալ կառավարման հետևանքով առաջացած խնդրի համար» ,- ասել է Պիպոյանը:
Բանն այն է, որ համայնքի վարչական տարածքում տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով՝ օրինակ ավտոբուսով, տրոլեյբուսով, մետրոյով կանոնավոր փոխադրումների դեպքում համայնքի ավագանու որոշմամբ կարող է ներդրվել միասնական ծառայություն և սահմանվել նշված միասնական ծառայության կազմակերպման տեղական վճար, այն վճարելու եղանակը և տրանսպորտային միջոցում վավերացնելու կարգը: Վճարները գանձելու է համայնքը՝ օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված համապատասխան սարքերի կամ վճարման՝ օրենսդրությամբ նախատեսված վճարումն ընդունող այլ միջոցներով: Նախագծի համաձայն՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման նկատմամբ հսկողությունն իրականացնելու են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: Վերջիններիս տված հրահանգները պարտադիր են լինելու ուղևորների և վարորդի համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի շարժը կանգնեցնելու, դռները բացելու կամ փակելու հրահանգները:
«Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանքի մասով՝ այո, նման նախաձեռնություն կա: Մեր խնդիրն այն չէ, որ մարդկանց տուգանենք և բերենք օրինականության դաշտ, այլ այն, որ եթե կա որևէ ծառայություն, դրա համար պետք է վճարել»-լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով նախագծին, ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«Նախագիծը, եթե հանրային լայն տարածում չունենա, բնականաբար յոթ մեկնաբանությամբ կմնա կախված, հետո կգնա ԱԺ, և միայն այնտեղ քննարկելու ընթացքում սուր արձագանքներ կլինեն: Պետք է հանրային քննարկման մասին խոսել. թվում է, թե գործադիր իշխանությունն ամբողջությամբ հովանավորում է այն պրոցեսը, որը համայնքն իրականացնում է: Գործադիրը փորձում է միջամտել, բայց չկա տրամաբանություն, մեթոդաբանություն ու հաշվարկներ, որը գնահատվում է ոչ պրոֆեսիոնալ: Մի պահ պատկերացրեք, որ շինարարությունները ոչ թե արվեին մրցույթներով, այլ՝ քաղաքային իշխանությունները՝ իրենք իրենց ընկերներով որոշեին հաստիքներ ստեղծել, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ դպրոց էին սարքելու, այլ լրիվ նույն ձև էլ անում են տրանսպորտային համակարգի հետ», ասում է Պիպոյանը: :
Նրա խոսքով՝ իրավապաշտպանները պետք է այս պարագայում կանգնեն քաղաքացիների կողքին, քանի որ քաղաքացին ակցիաներ անելու իրավասություն ունի:
Նշենք, որ նախագծերն օրենք դառնալու համար պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից։