Ի պատասխան լրատվամիջոցների կողմից անօթևան քաղաքացի Քալաշ Քալաշյանի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված հարցադրումների՝ գերատեսչության խոսնակ Նվեր Կոստանյանը տեղեկացրել է, որ նախարարության Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ վերջինս շտապօգնությամբ տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» և ներկայումս գտնվում է բժշկական վերահսկողության ներքո։
«Տեղեկացնեմ նաև, որ Քալաշյանը ՄՍԾ աշխատակիցների ջանքերի արդյունքում համաձայնել է բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ էլ կիրականացվի Քալաշյանի կարիքների համակողմանի գնահատումը։
Հավելեմ նաև, որ նախկինում ևս Քալաշյանին առաջարկվել է տեղափոխվել կացարան, սակայն վերջինս հրաժարվել էր դրանից»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոստանյանը:
Նշենք, որ «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ տնօրեն Անահիտ Սիմոնյանն իր էջում հրապարակել էր Քալաշյանի լուսանկարներն ու հայտնել, որ վերջինիս վիճակն ավելի է վատացել, հրաժարվել է անգամ սննդից, չի կարողանում սնվել ու շարժվել և հրատապ օգնության կարիք ունի: