Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ բնակավայարի վարչական տարածքում բախվել են «Opel Zafira» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:
Վիրավորներից մի քանիսին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաներից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բռնկվել: Հրշեջ-փրկարարները մարել են կրակը և տեղում իրականացնում են հերթապահություն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպնավող հատուկ տարածք: