Ֆրանսիայում բացվել են ընտրատեղամասերը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ, փուլի քվեարկության համար։ Ընտրությունները կորոշեն, թե արդյոք ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը կդառնա՞ Ազգային ժողովի առաջատար ուժը, և արդյոք նրա առաջնորդ Ժորդան Բարդելան կդառնա՞ վարչապետ։
Առաջին պաշտոնական արդյունքները կհրապարակվեն երեկոյան, նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ առաջին փուլում մասնակցությունը ռեկորդային էր և գերազանցել էր 66%-ը։
Այս ընտրությունների միջոցով ֆրանսիացիներն ընտրելու են 577 պատգամավորի, որոնք քաղաքացիների շահերը կներկայացնեն երկրի խորհրդարանում։
Առաջին փուլում աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը Հանրապետական կուսակցության իր դաշնակիցների հետ ստացել է ձայների 33,15 տոկոսը, ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատը»՝ 27,99 տոկոսը, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ 20,04 տոկոսը:
Աջերի իշխանության գալը կանխելու համար Մակրոնի թիմակիցներն ու ձախերը սկսել են հետ կանչել իրենց ընտրատարածքներում երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուներին։ Ենթադրվում է, որ երկրորդ փուլի ժամանակ, որտեղ «Ազգային միավորման» թեկնածուները կպայքարեն Մակրոնի կոալիցիայի կամ ձախերի պատգամավորական թեկնածուների հետ, «Ազգային միավորում»-ը հաղթելու ավելի քիչ հնարավորություն կունենա։
Ընդհանուր առմամբ 224 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել։
Երկրի ՆԳՆ-ն հայտարարել է, ընտրությունների արդյունքներով պայմանավորված, անկարգությունների մեծ հավանականության մասին։ Ֆրանսիայում անվտանգությունն ապահովելու համար կտեղակայվի ավելի քան 30 հազար ոստիկան, որից հինգ հազարը՝ Փարիզում և դրա արվարձաններում։