Search
Close this search box.

Օ’Բրայենն ասել է` ինչու է ԱՄՆ–ին պետք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը

ԱՄՆ–ի նպատակն է հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումը ընթանա ոչ թե Ռուսաստանի ու Չինաստանի, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանի միջոցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը` ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Դիվանագետն այս թեմային անդրադարձել է Բաքու կատարելիք այցի համատեքստում։
Օ’Բրայենը նշել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից համաշխարհային շուկաներ արտահանումն այժմ իրականացվում է միայն Չինաստանի և Ռուսաստանի տարածքով, և խնդիրը «լուծելու համար նրանք պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ»։

«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մյուսը` հնարավոր ավելի մեծ ճանապարհը, կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ նկատառումներից ելնելով` մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր»,- պարզաբանել է դիվանագետը։
Օ՛Բրայենը հավելել է, որ այցի ընթացքում ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կփոխանցի, որ եկել է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու ժամանակը։