Search
Close this search box.

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նորատուսցի Արայի որդու մասնակցությամբ միջադեպից

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, 37-ամյա տղամարդու՝ Արսեն Աֆիյանի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արսեն Աֆիյանը, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչը, վերջինիս կինը և ևս երկու անձ հաճախել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու ռեստորան, որտեղ ցանկացել են ընթրել։ Մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող 19–ամյա մի երիտասարդ՝ Լ․ Բ․-ն և 40–ամյա մի տղամարդ՝ Մ․Փ․-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37 և 42–ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։

Նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն և ինքնությունը դեռևս չպարզված տղամարդը, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 և 42–ամյա տղամարդկանց։ Իրենց ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, փոխադարձաբար ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին:
Տեսնելով, որ 42–ամյա տղամարդը ակոսափող ատրճանակ է հանել, Մ․Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42–ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո վերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել իր գոտկատեղում։

Այնուհետև Մ․Փ․-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել է ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում։

Վերոհիշյալ գործողությունների հետևանքով խաթարվել է հիշյալ հանգստյան գոտու բնականոն աշխատանքը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը՝ նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մ․Փ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:
19–ամյա Լ․Բ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան` նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է։