Վերաքննիչ դատարանը չեղարկել է Եղվարդի դատարանի որոշումը, որով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնել է փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը։
«Վերաքննիչ դատարանը բեկանեց Եղվարդի դատարանի վճիռը ու որոշեց կրկին կալանավորել Հարություն Գրիգորյանին։ Իրենք տվել էին վճռաբեկ և նամակ են ստացել, որ իրենց հայցը մերժվել է. հիմա ես չգիտեմ՝ դրան երբ պետք է կալանավորեն։ Ես երբ փաստաբանիս հետ խոսեցի՝ նա ասեց, որ դա կմնա կատարածուի վրա։ Ուղղակի ես կուզեմ, որ լուսաբանվի-ցույց տրվի, որ դրան պահում են»,- մանրամասնել է Սամվել Մխիթարյանը։
Փոխգնդապետը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Գործով մեղադրանք էր առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում էր նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց պաշտոնից հրաժարական էր տվել Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների և որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել և անմիջական մասնակցություն ունեցել միջադեպին: Այդուհանդերձ Տրդատ Սարգսյանին մեղադրանք չէր առաջադրվել. Քննչական կոմիտեն հայտնել էր, թե Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: