«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր մեղքն այն է եղել, որ դեռևս 2018-ին չի եկել ու թեկուզ ԱԺ դռնփակ նիստով հայտարարել, թե պետք է համաձայնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Նա նույնիսկ ասաց, թե ինքը դա համարում է իր ամենամեծ ձախողումը, այս, այն: Շատերն շտապեցին նշել, որ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց կամ «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց՝ այսպես ասած: Իրականում սա առաջին անգամ չէ, որ Փաշինյանն «ինքնախոստովանական ցուցմունք» է տալիս ու՝ ոչ միայն նշված առանցքային հարցի վերաբերյալ: Էլի են նման դեպքեր եղել: Երկրորդ՝ առաջին անգամ չէ, որ Փաշինյանն ասում է գրեթե այս նույն բանը:
Բայց հարցը նույնիսկ դա չէ: Փաշինյանի այս «ինքնախոստովանական ցուցմունքը» կարևոր է, ինչ խոսք: Սակայն ԱԺ ամբիոնից նրա այս ծեքծեքումները նույնքան, իսկ միգուցե շատ ավելի կեղծավոր են ու «մանիպուլ յացիոն», ինչպես պատերազմի զոհերի շիրմաքարերին նրա խոնարհումները՝ զուտ տեսախցիկների համար արվող: Սա շատ նման է այն «խորամանկությանը», երբ ծանր հանցագործություն կատարած մեկը խոստովանում է այլ՝ մանր հանցագործությունը, որը գուցե նույնիսկ չի էլ կատարել, որպեսզի կոծկվի այն մեծը:
Տեսեք, նույն 2018-ին նույն Փաշինյանը, երբ հայտնի իրադարձությունների հետևանքով հայտնվեց պետության ղեկին, եղան բանիմաց մարդիկ, որոնք համարձակություն ունեցան հայտարարելու՝ Փաշինյանն իշխանության է եկել (բերվել) Արցախը թշնամուն հանձնելու համար: Ինքը՝ Փաշինյանը, կհիշեք, 2018-ի օգոստոսի 17-ի ելույթում կուրծք էր ծեծում և կոկորդ պատռում, թե՝ «ժողովո՜ւրդ, ինձ վարկաբեկո՜ւմ են, ես իսկի բանակցություն դեռ չեմ վարել…, ժողովո՜ւրդ, առանց ձեր ասելու բան չի որոշվելո՜ւ…»: