Search
Close this search box.

Փաշինյանը ԱԺ–ի դիմաց բախումների մեջ մեղադրում է Գարեգին Բ–ին և Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ շենքի դիմաց ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների միջև տեղի ունեցած բախումների մեջ մեղադրեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում` անդրադառնալով հունիսի 12-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած բախումներին։
«Ամենայն հայոց կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա։ Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանություն գործելու է նույն կերպ։ Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա։ Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը և ՀՀ պետականությունը։ Եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը հարձակումից առաջ ոստիկաններին ասել է, թե տղաներ հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում։ Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարեր է նետել այդ նույն մարդը»,– նշեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայ առաքելական եկեղեցու 2 բարձրաստիճան հոգևորականի մասին։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ տուժել է 18 ոստիկան և 83 քաղաքացի։
Խոսելով իրենց իշխանության մասին` Փաշինյանը վստահեցրեց` իրենք երբեք չեն եղել ու չեն լինի թույլ իշխանություն։ Ընդգծեց` կլինեն սիրող, կարեկցող, հանդուրժող և օգնող, բայց երբեք ոչ թույլ, քանի որ ըստ իրեն թույլ իշխանությունն աղետ է պետության համար։

«Մենք լեգիտիմության և օրենքի ուժով կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները` պետությունը, հանրությանը, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։