Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի կենտրոնում 19-ամյա երիտասարդի են uպшնել

Հունիսի 10-ին՝ 01.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում գետնին ընկած է մի արնաշաղախ երիտասարդ: Հայտնում են Ոստիկանությունից:

Օպերատիվ խումբ մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնից, տեղյակ էին պահվել պարեկները: Այդ մասին հայտնում է Ոստիկանությունը:

Պարզվել էր, որ ահազանգից րոպեներ առաջ այդ նույն վայրում, երեք երիտասարդ վիճել էին իրար հետ, հնչեցրել հայհոյանքներ, և վիճաբանության ընթացքում էլ նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել էր մյուս երկուսին:

Շտապօգնության խումբը «կրծքավանդակի արնահոսող թափանցող վերք» ախտորոշմամբ արնաշաղախ երիտասարդին տեղափոխել էր 1-ին համալսարանական հիվանդանոց:

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում հաշվառված 19-ամյա երիտասարդի վիճակը ծանր էր:

Շտապօգնության մեկ այլ խումբ նույն տեղից, դարձյալ` կտրած-ծակած վերքով, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել Գավառ քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդի: Վեճի երրորդ մասնակիցը չկար:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ու մինչ իրավապահները ձեռնարկում էին դանակահարողին հայտնաբերելու միջոցներ, ժամը 2.50-ին հիվանդանոցից հայտնել էին, որ 19-ամյա երիտասարդը գիտակցության չգալով` մահացել է:

Շուտով պարզվում է նաև միջադեպի երրորդ մասնակցի ինքնությունը` Գորիս քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդ:

Ըստ նախնական տվյալների` երիտասարդների միջև վեճը ծագել էր գինու փառատոնի ժամանակ, երբ նրանցից մեկը մյուսին դիտողություն էր արել բարձրաձայն հայհոյելու համար:

Այդ պահին հաջողվել էր զարգացումը կանխել, սակայն երբ ավելի ուշ նրանք կրկին հանդիպել էին Մաշտոցի պողոտայում, վեճը կրկին բորբոքվել ու վերաճել էր առանձնապես ծանր հանցագործության:

Կենտրոնականի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին դանակահարողը ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, տեղափոխվել քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են: