Search
Close this search box.

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ նախատեսում են մեծ համաներում հայտարարել

Բանտարկյալների մեծ համաներում է նախատեսվում Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այս մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է NewsGeorgia-ն։

«Առաջիկա օրերին մենք նախատեսում ենք նախաձեռնել համապատասխան օրինագիծ (խորհրդարանում)»,- ասել է նա։

Կառավարությունում ակնկալում են, որ նախաձեռնության քննարկումները կշարունակվեն խորհրդարանի արտահերթ նիստում հուլիսին, իսկ վերջնական ընթերցմամբ օրենքը կընդունվի սեպտեմբերին։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ հոդվածների ցանկը, որոնց վրա կտարածվի համաներումը, արդեն որոշված է։ Նա չի նշել, թե քանի բանտարկյալի դա կվերաբերի, բայց ասել է, որ նպատակներից մեկը Վրաստանի բանտերում պահվողների թվի «լուրջ կրճատումն է։

«Մեզ մոտ բանտերում պահվում է մոտ 10 հազար բանտարկյալ։ Կարեւոր է, որպեսզի նրանց թիվը լրջորեն կրճատվի առաջիկայում, որպեսզի մոտենանք օպտիմալ եվրոպական ցուցանիշին։ Դրա համար ցանկալի է կրճատել բանտարկյալների թիվը առնվազն մոտ մեկ երրորդով։ Մենք կարծում ենք, որ համաներման մասին պատրաստված օրենքը լուրջ ավանդ կներդնի այս նպատակին հասնելու գործում»,- ասել է նա։