Հաշվետու ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը ստացել է տրանսպորտի ոլորտին վերաբերող 148 ահազանգ, որից 117-ը՝ վարորդների վատ վարքագծի, 29-ը՝ անկանոն գրաֆիկի, 2-ը՝ ավտոբուսների անսարքության մասով: Վարորդներին տրվել են զգուշացումներ, բանավոր և գրավոր նկատողություններ, կազմվել են արձանագրություններ, իսկ 1 ահազանգի ուղղությամբ վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում վարորդն ազատվել է աշխատանքից: Այդ մասին զեկուցվեց այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը մտահոգիչ համարեց։
«Այստեղ էական անելիք կա: Շարունակաբար այս ահազանգերը, կարծում եմ, այս ծավալներով չպետք է ստանանք, և այդտեղ վստահաբար անելիք ունեք: Պետք է ծրագիր ներկայացնեք, թե ինչ եք պատրաստվում անել, որպեսզի մասնավորապես ուղևորների և վարորդների հարաբերությունների հետ կապված այս ծավալով ահազանգեր չունենանք»,- ասել է Ավինյանը՝ խոսքն ուղղելով ոլորտի պատասխանատուներին: