Search
Close this search box.

Սուրեն Պետրոսյանը մանրամասն պատմել է իր անհետացման մասին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հունիսի 12-ին, երբ Ազգային ժողովի մոտ հրավիրված հանրահավաքն ավարտվեց բախումներով, «հայտնվել» է Հրազդան քաղաքում։ Նա իր հետ կատարվածը մանրամասն պատմել է 24news–ին։

«Որ ասում են` հունիսի 12–ին ԱԺ–ի մոտ հենց բախումները սկսվեցին, Սուրեն Պետրոսյանն անհետացավ, դա ամենամեծ սուտն է։ Բաղրամյան պողոտայում հանրահավաքը սկսելուց առաջ ինձ զանգում են, չեն ներկայանում, ասում են` պետք է գաս Երևանում այս հասցեով, հակառակ պարագայում բերման կենթարկենք։ Ես ասում եմ` դուք կարող եք գալ Բաղրամյան պողոտա, մենք նստենք մեքենայի մեջ, խոսենք, ես էլ հավաքից չեմ բացակայի»,– պատմում է Պետրոսյանը։

Նրա խոսքով` քանի որ խոսողին չի վստահել, թիմակիցներին ասել է, որ ամենայն հավանականությամբ իրեն բերման կենթարկեն։ Պետրոսյանը նստել է ընկերների մեքենան և գնացել Բաղրամյան պողոտայի սկիզբ, որտեղ ընկերներին թողել է ու նստել նշված մեքենան։ Սակայն զրույցն ընթացել է ոչ թե մեքենայում, այլ Հրազդան քաղաքի առանձնատներից մեկում։

Երբ Պետրոսյանը հարց է տվել, թե նրանք որտեղից են, նշել են` «էն վախենալու կառույցից» (ենթադրաբար ԱԱԾ), սակայն դա փաստող ոչ մի վկայական չեն ներկայացրել։

Այնուհետև նրանց են միացել երկու բարձրաստիճան սպաներ, որոնք քաղաքական զրույց են ունեցել Պետրոսյանի հետ մինչև ուշ երեկո։

Ասել են, որ շարժումը սխալ ճանապարհով է գնում, կարող են մարդկային զոհեր լինել, և Պետրոսյանին առաջարկել են շարժման բովանդակությունը 180 աստիճանով փոխել աղետալի հետևանքներից խուսափելու համար։

«Իմ պատասխանը եղել է այն, որ ոչ թե ես չեմ համագործակցում (կարող է մի օր էդ ձայնագրությունը դուրս գալ), ես ասել եմ, որ ես կողմ եմ պետությանը, բայց ոչ իշխանությանը, և այն, ինչ դուք ասում եք, ես ֆիզիկապես չեմ կարող անել, ես հնարավորություն չունեմ շարժումը աջ կամ ձախ թեքելու։ Ես չեմ ասել` եկել եք, ինձ ի՞նչ եք ասում, ասել եմ, որ ես դա անելու կարողություն չունեմ»,– պատմում է քաղաքագետը։

Նրա խոսքով` զրույցի ժամանակ իրեն ներկայացրել են բազմաթիվ ձայնագրություններ, այդ թվում` իր վերաբերյալ և իր մասնակցությամբ, բայց ոչ թե որպես կոմպրոմատ, այլ ցույց տալու համար, որ այս ամենը պայմանավորված է, և շարժումը տարվում է մարման, վերջում դա լինելու է, ուղղակի մարդիկ են զոհվելու և ինքը կարող է դա փրկել։

Լուսադեմին, երբ զրույցն ավարտել են, Պետրոսյանը խնդրել է, որ իրեն Ծաղկաձոր տանեն։ Առավոտյան զանգել է իր ընկերներին, հայտնել, որ իր հետ ամեն ինչ լավ է, և նրանք եկել են իր հետևից։

Հաջորդ օրը հանրահավաքից հետո այդ ամենի մասին խոսել է Բագրատ սրբազանի հետ։ Նրա խոսքով` 4-5 օր անց այն ձայնագրությունները, որոնք հրապարակվել են (շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելով հավաքների բերելու հետ կապված), իր լսած ձայնագրությունների ընդամենը 5 տոկոսն են։

Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։