Search
Close this search box.

Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կապված ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարության և այն լուրերի հետ, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի մատակարարման վերաբերյալ բանակցություններից։

Զախարովան կոչ է արել ռազմական արտադրանքի մատակարարման հարցերով դիմել համապատասխան բաժիններին։ «Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը։ Զենքի և ռազմական տեխնիկայի առանձին տեսակների նկատմամբ առկա սահմանափակումները վերաբերում են ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր մյուս գործընկերների հետ ռազմատեխնիկական համագործակցությանը։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներին, մենք դրանցից չենք հրաժարվում, դրանք կանոնավոր կերպով են ընթանում, այդ կողմից բողոքներ չենք տեսել»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ, Գալուզինը հայտարարել էր, որ Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։