Search
Close this search box.

Ռուսաստանը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Հայաստանի մասնակցության համար Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում է բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»,- նշել է նա։

«Երևանի մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, նրանք այլ ուղի ընտրեցին»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։

«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական ​​պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում Վաշինգտոնում ընթացող այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին։ Այս ամենը չի կարող այլ բան չառաջացնել, բացի ծայրահեղ ափսոսանքից»,- ընդգծել է Գալուզինը։

Նրա խոսքով, «այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է», Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»։

«Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր վնասները»,- հավելել է նա։

«Իմ կարծիքով, «երկու աթոռի վրա նստելու» փորձերի անիրականությունը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից՝ Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում ունեցած ելույթում, որտեղ նա խոսել է Երևանի եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,- եզրափակել է Գալուզինը։